Նորություններ

Գյումրիում մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը

Ուշագրավ 2017-04-19

Ս. թ. ապրիլի 19-ից մայիսի 30-ը Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային IX մրցույթ-փառատոնը, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության` մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակին:

 

Մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մրցույթը կանցկացվի 5 տարիքային խմբով, 19 անվանակարգով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, ժողովրդական գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, զինվորական նվագախմբեր և երգչախմբեր, պարարվեստ:

 

Յուրաքանչյուր անվանակարգում  բացարձակ հաղթողներին կշնորհվի Մեծ մրցանակ, իսկ 63 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III, IV, V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում: Բոլոր մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ և տարբեր դիպլոմներ:

 

Փառատոնի մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված 72 գործիչներ` աշխարհի 14 երկրից: Ժյուրիի բոլոր անդամները և անվանի երաժիշտները «Արվեստն ընդդեմ ահաբեկչության և պատերազմների» խորագիրը կրող բարեգործական համերգներով հանդես կգան Գյումրիում, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում, ինչպես նաև կանցկացնեն վարպետության դասեր:

 

Փառատոնի շրջանակում կանցկացվի «Մշակույթների երկխոսություն» միջազգային 11-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի 20 ամյակին, որին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ գիտնականներ` Հայաստանի և արտերկրի հեղինակավոր բուհերից: Մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և տարբեր երկրներում:

 

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային երաժշտության զարգացումը, հաստատել նոր ստեղծագործական կապեր տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջև, այլազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ պատշաճ կերպով ներկայացնել իրենց վարպետությունը, գեղարվեստական կրթության ոլորտում իրականացնել գիտամանկավարժական փորձի փոխանակում:

 

Աղբյուրը՝ Mincult.am

 

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: