Նորություններ

ԿԳ նախարարն այցելել է քննակենտրոն

Ուշագրավ 2013-06-21

Այսօր առավոտ վաղ Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննակենտրոն է այցելել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և զրուցել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը մասնակցող դիմորդների հետ:
Նախարարը հանդիպել է նաև ծնողներին և պատասխանել նրանց հուզող հարցերին: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում նախարարն ընդգծել է, որ այսօր ավարտվում է միասնական քննությունների առաջին փուլը, որը, ըստ Արմեն Աշոտյանի, հաջող ընթացք է ունեցել: 
 
«Անցյալ տարի արձանագրված քննությունների հանդարտ ընթացքը մենք ամրապնդեցինք նաև այս տարի. եթե տարիներ առաջ հանրությունն ապրում էր ընդունելության քննություններով, ապա այսօր ծնողները համամատաբար ավելի հանգիստ են: Թե´ կազմակերպչական, և թե´ բովանդակային խնդիրների շուրջ լուրջ դժգոհություն չկա, որն էլ իր հերթին վկայում է մեր աշխատանքի դրական արդյունքի մասին: Քննությունների հաջողությունը պայմանավորված է գործընթացի նկատմամբ հանրության դրական ընկալումներով, բացասական լրահոսի շատ չնչին տոկոսով, ինչպես նաև դիմորդների ցուցաբերած բարձր առաջադիմությամբ»,-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ այս տարի արձանագրվել են մեծ քանակությամբ բարձր գնահատականներ` հատկապես հումանիտար առարկաներից, որն էլ նախարարին հիմք է տալիս ենթադրելու, որ շատ մասնագիտություների գծով մրցույթը թեժ է լինելու,  և անցողիկ միավորների շեմը կբարձրանա` հատկապես անվճար ուսուցման համակարգում: 
 
«Սա հետևանք է այն հանգամանքի, որ թեստերի հեղինակներն ընկան մեկ այլ ծայրահեղության մեջ. քննական առաջադրանքների մեծ մասը շատ ավելի հեշտ էին և ակնհայտ է, որ չափից դուրս հեշտ և չափից դուրս բարդ թեստերը երբեմն խոչընդոտում են գործընթացը` ազդելով մրցութային շեմի վրա»,-ընդգծել է նախարարը` հավելելով, որ հաջորդ տարի ԳԹԿ-ի հետ կանցկացվեն նախապատրաստական աշխատանքներ` շտեմարանների բազան ավելացնելու և նրանցում որոշակի կառուցվածքային փոփոխություններ անելու հետ կապված: 
 
Նախարարը նաև ներկաներին տեղեկացրել է, որ միասնական քննությունների արդյունքներն ըստ կարգի կամփոփվեն հուլիսի 15-ին, որպեսզի տարկետման հետ կապված խնդիրների իր գործառույթը հասցնի իրականացնել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Արմեն Աշոտյանը նաև հիշեցրել է, որ այն դիմորդները, ովքեր ստացել են դրական գնահատականներ, սակայն առաջին հայտով չեն ընդունվել, հնարավորություն կունենան լրացուցիչ հայտով դիմել  և ստացած քննություններով ընդունվել բացառապես թափուր տեղեր մնացած մասնագիտությունների գծով:
 
Այսօր կայացած քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները՝ քննության օրը՝ ԳԹԿ և ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքերում:
 
Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: