Նորություններ

Dasaran-ի նոր նախագիծը կնպաստի հանդուրժողականության տարածմանը

Ուշագրավ 2017-03-23

Մերօրյա թվային դարաշրջանում խաղի և կրթության համադրությունը զուտ իրողությունից վերաճել է անհրաժեշտության՝ հնարավորություն տալով աշակերտների համար ոչ միայն պարզ և հետաքրքիր դարձնել ուսումնական նյութերը, այլև մատչելի ու հասկանալի տարբերակով փոխանցել գիտելիքներ ամենազգայուն թեմաների շուրջ:

 

Գնահատելով խաղայնացված կրթության ողջ ներուժն ու հնարավորությունները՝ Dasaran կրթական ծրագիրը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և “Save the Children”-ի հայաստանյան գրասենյակը համատեղ իրականացնում են իրականության ամենազգայուն կողմերից մեկին՝ հանդուրժողականությանն ուղղված խաղ-նախագիծ:
 
Խաղն ունի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների շրջանում Dasaran-ի կրթական հարթակի միջոցով հանդուրժողականության տարածման, պատերազմական գոտիներից (օրինակ՝ Սիրիա) տեղափոխված երեխաների՝ հասարակությանը սահուն ինտեգրվելուն օժանդակող նպատակամիտում:
 
Խաղը, որը նախատեսված է տարիքային երկու խմբի (7-12, 12 և բարձր) համար, կառուցված է իրավիճակային տեսարաններից, որոնք միավորված են որոշակի թեմաների շուրջ՝ «Միասնական ենք և համերաշխ», «Այնքա՜ն նման և տարբեր ենք մենք», «Օգնի՛ր ինձ ճանաչել քեզ», «Ճկուն դիվանագետներ ենք», «Մենք գործընկերներ ենք»:
 
Խաղի նմանօրինակ կառույցն ու ընտրված թեմաները կօժանդակեն պայմանական իրավիճակներից դուրս՝ իրական կյանքում աշակերտների փոխհաղորդակցմանը, փոխհանդուրժողականության ցուցաբերմանը, կուղղորդեն դպրոցականներին խնդրահարույց իրավիճակներում ճիշտ վարքագծի դրսևորմանը:
 
Այսպիսով, վստահաբար կարող ենք ասել, որ Dasaran-ի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և “Save the Children”-ի հայաստանյան գրասենյակի համատեղ ուժերով իրականացվող խաղ-նախագիծը կնպաստի ապագա կիրթ, լայնախոհ ու շրջահայաց քաղաքացիների ձևավորմանը:    

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: