Նորություններ

Ամփոփվել է «Սահմանադրություն և իրավունք» դպրոցական 1-ին օլիմպիադան

Ուշագրավ 2017-03-13

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Սահմանադրություն և իրավունք» հանրապետական առաջին օլիմպիադայում հաղթանակած դպրոցականների պարգևատրման արարողությունը:
 
Արարողությանը ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, արժևորելով նմանօրինակ օլիմպիադայի անցկացումը,  նշել է. «Դպրոցականները ևս մեկ անգամ հնարավորություն ստացան ցույց տալու իրենց գիտելիքներն Արցախի օրենսդրության իմացության ոլորտում: Հանձնաժողովը, ստուգելով և վերլուծելով,  հաստատել է, որ կան բավականին բարձր մակարդակի աշխատանքներ»:
 
Նախարար Ս. Ասրյանը, շնորհակալություն հայտնելով օլիմպիադան նախաձեռնած «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը, հավաստիացրել է, որ օլիմպիադան,  ինչպես դպրոցական առարկայական մյուս օլիմպիադաները, կդառնա ավանդական:
 
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման»  հիմնադիր, օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին պատրաստակամության և բազմակողմանի աջակցության համար: 
 
Նկատենք՝  օլիմպիադային մասնակցել է 55 աշակերտ (20-ը`  Ստեփանակերտից,  35-ը`  շրջկենտրոններից): Oլիմպիադան նպատակաուղղված է ստուգելու աշակերտների իրավական գիտելիքները, ինչպես նաև սեր առաջացնելու դեպի իրավական առարկաները, մասնավորապես՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում ուսումնասիրվող «Իրավագիտություն» բաժինը:
 
Օլիմպիադայի շրջանակում 1-ին,  2-րդ և 3-րդ մրցանակային տեղերն զբաղեցրած աշակերտներն արժանացել են օլիմպիադայի խորհրդանշով մրցանակների և դրամական պարգևների:
 
Աղբյուրը՝ Aegmm.org

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: