Նորություններ

Դպրոցական սննդի միջազգային օր

Կրթական 2017-03-10

2012 թվականից մարտի 9-ն աշխարհում նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: Այս տարի գլոբալ շարժման անդամ է դարձել նաև Հայաստանը: Մեր երկրում «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից:

 

Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում մարտի 9-ին նշվել է Դպրոցական սննդի օրը: Միջոցառմանը մասնակիցներին ողջունել և շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:

 

«Արդեն 5-րդ տարին ողջ աշխարհում մարտի 9-ը նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում արդեն 7 տարի 1-4-րդ դասարանների երեխաները ստանում են սնունդ...

 

2014 թվականից առ այսօր ՀՀ կառավարությունն իրականացնում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը, որի շրջանակում ՀՀ երեք մարզերում՝  Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում, ամեն օր սնունդ է մատակարարվում մոտ 93.000 երեխաների: Սեպտեմբերից կավելանա նաև չորրորդ մարզը`  Տավուշը»,-նշել է  Բագրատ Եսայանը`  ընդգծելով, որ ամենօրյա սննդարար կերակուրն անապահով ընտանիքների երեխաների համար կարևոր հարցի լուծում է:

 

Ըստ նախարարի խորհրդականի`  ծրագրի շրջանակում աշակերտները նաև գիտելիքներ են ստանում առողջ սննդի վերաբերյալ: Բագրատ Եսայանը հավելել է, որ որպես «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամի տնօրեն`  նա կանի հնարավորը, որ մոտ ապագայում ծրագիրը ներդրվի նաև Երևանի բոլոր դպրոցներում:

 

Բագրատ Եսայանն աշակերտներին հորդորել է առավել ուշադիր լինել սննդի ընտրության հարցում: Միջոցառման ընթացքում աշակերտները թեմատիկ խաղերի և վիկտորինաների միջոցով ծանոթացել են առողջ սննդի տեսակներին և առողջ ապրելակերպի վերաբերյալ հետաքրքիր պատմություններ լսել:

 


Աղբյուրը՝  Edu.am


 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: