Նորություններ

Կրթությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց

Կրթական 2017-03-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդների հետ՝ հանդես գալով կրթահամակարգի դերին և նշանակությանը, մասնագիտական ընտրությանը և այլ հարցերին առնչվող դասախոսությամբ: Դառնալով ավագ դպրոցից դեպի համալսարան անցմանը՝ նախարարը նշել է, որ ավագ դպրոցի դասական մոդելի նպատակն է նախապատրաստել երիտասարդին կրթության հաջորդ աստիճանին:

 

«Այսօր մեր ավագ դպրոցներում այս ձևաչափն, ըստ էության, չի աշխատում, և մենք այստեղ խնդիր ունենք իրական փոփոխություն կատարել... Մենք որոշեցինք գնալ բեռնաթափման ճանապարհով, այսինքն՝ 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում հնարավորություն տվեցինք ընտրել այն հիմնական առարկաները, որոնք նրան անհրաժեշտ են հետագա մասնագիտական կրթության համար, իսկ մնացած առարկաներից ազատեցինք:
 
Նախորդ տարվա դեկտեմբերին արդեն առաջին փորձն արել ենք, եթե այն հաջող լինի, գալիք տարի կբեռնաթափենք 12-րդ դասարանն ամբողջությամբ»,-ասել է նախարարը: Հաջորդ խնդիրը, ըստ Լևոն Մկրտչյանի, որին բախվում է երիտասարդը, բակալավրի և մագիստրոսի կրթությունն է. «Առաջադեմ որևէ երկրում չկա տարածված ավանդույթ, որ բակալավրի կրթությունից անմիջապես հետո երիտասարդը պետք է ստանա նաև մագիստրոսի կրթություն...
 
Մեզ մոտ մագիստրոսի ծրագիրը բակալավրի մեխանիկական կրկնությունն է, քանի որ աշխատաշուկան կայացած չէ, և հստակ պահանջներ մասնագետների և կրթության համակարգի առջև չի դրվում... Մենք պետք է հասկանանք, որ կրթությունը մի խողովակ է, որի միջով կարելի է անցնել կյանքի տարբեր փուլերում: Կրթությունն իրականում ոչ թե նպատակ է, այլ միջոց այդ նպատակների իրագործման համար»,-ընդգծել է նախարարը:
 
Անդրադառնալով օտար լեզուների իմացության զարգացման հարցին` նախարարը նշել է, որ փոքր երկրների ու ժողովուրդների համար օտար լեզվի իմացությունը գիտության և կրթության զարգացման անհրաժեշտ միջոց է: Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել նաև դպրոցական և բուհական կրթական ծրագրերի, պետական լեզվաքաղաքականության և մի շարք այլ խնդիրների մասին:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: