Նորություններ

Մենք ուզում ենք պատվով ներկայացնել մեր երկիրը «Եվրատեսիլ 2013»-ին. Գոռ Սուջյան

Ուշագրավ 2013-01-23

«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը։ Այս առթիվ Tert.am–ը զրուցել է երգչի հետ, ով դեռ նախորդ տարվանից էր ցանկանում մասնակցել այս մրցույթին։

-Ինչպե՞ս ստացվեց «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին Ձեր մասնակցությունը։

 
–Մեզ զանգահարել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության ներքին խորհրդից և ասել, որ մասնագետներով հավաքվել և որոշել են, որ այս տարի «Դորիանսը» մասնակցի, իսկ ավելի կոնկրետ՝ Գոռ Սուջյանը։ Հենց երեկ ասացին, որ այսօր հանդիպենք։ Հանդիպեցինք, առաջարկ ստացանք, և առաջարկն էլ չմերժվեց։ Իսկ ես, բնականաբար, «Դորիանսով» եմ մասնակցելու։
 
-Փաստորեն խմբո՞վ եք հանդես գալու:
 
–Այո, բնականաբար։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ երգ կընտրվի, ես չեմ կարծում, որ առանց խմբի մասնակցություն կլինի, որովհետև մենք խումբ ենք։
 
-Ի՞նչ ոճով եք նախընտրում և պատրաստվում հանդես գալ։
 
–Մեր ոճից դուրս մենք ոչինչ չենք կարող և չենք կատարի։ Ռոքը սկզբունքային չէ մեզ համար։ Մեր երգերը ռոք ժանրում են, բայց բոլորին էլ հասանելի են, ոչ շատ ծանր են, ոչ շատ թեթև։ Եվ, կարծում եմ, որ մեր ոճը ավելի շատ կգնահատվի Եվրոպայում։
 
-Իսկ եթե հաղթող ճանաչվի ձեր ոճից դուրս ինչ–որ երգ, ի՞նչ կանեք այդ դեպքում։
 
–Չեմ կարծում, որ մեր ոճից դուրս երգ կհաղթի։ Եթե իմ ոճից դուրս բան է լինում, ես չեմ կարողանում դա լավ կատարել։ Ես սիրում եմ, երբ ամեն ինչ բնական է լինում, և երբ իմ ոճի մեջ է, ես ի սրտե եմ կատարում։ Մենք գրում ենք երգ, բայց, բնականաբար, կարող է ուրիշ մեկն էլ գրել, և չի բացառվում, որ հենց մեր ոճին մոտ երգ գրի։ Մրցույթին չորս կամ հինգ երգ է ընտրվելու, և կարծում եմ, որ բոլորն էլ մեր ոճի մեջ կլինեն։ Իսկ մեր ելույթը կարևոր է բոլորի համար։
 
- Ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էիք, որ այլ ծրագրեր ունեք, որոնք դեռ պետք է հաստատվեն։ Արդյո՞ք դրանց թվում էր նաև «Եվրատեսիլ 2013»–ը։
 
–Ճիշտն ասած՝ ոչ, «Եվրատեսիլը» անսպասելի էր մեզ համար, մենք չէինք սպասում, իսկ մնացած ծրագրերը մրցույթից հետո կբացահայտեմ։ Այս պահին մեկը մյուսին չի խանգարի։
 
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցույթից։
 
–Ես ընդամենը լավ ելույթ կունենամ, քանզի մենք ուզում ենք պատվով ներկայացնել մեր երկիրը։ Իսկ, թե որ տեղը կզբաղեցնենք, ինձ թվում է, որ դա իմ գործը չէ, դա երկրորդական է։ Համենայնդեպս երգի առումով ես պատրաստ եմ լավ ներկայանալ։
 
Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: