Նորություններ

<<Դռները բացե'ք, գարուն է գալիս>>

Կրթական 2017-02-24

Սևանի N4 հիմնական դպրոցի IIբ դասարանում անցկացված բաց դասը նվիրված էր Մայրենիի օրվան: ՈԻսուցչուհի Ամալյա Գևորգյանի աշակերտները իսկական գարնանային տոնի վերածեցին մայրենիի դասաժամը, որն ամփոփում էր <<Գարուն>> թեման: Այն սկսվեց գարնանը նվիրված երգով: Գարնանային շունչ ստացած դասասենյակում աշակերտները ուսուցչուհու հանձնարարությամբ ներկայացրին թեմային առնչվող հանելուկներ, դերային խաղ, խորհրդանիշ - ծառի պատկերի վրա փակցրին գարունը բնութագրող բառեր, կազմեցին բառակապակցություններ ու նախադասություններ, գտան տրված բառերի հոմանիշները: Երեխաները դիմավորեցին իրենց պատրաստած տնակից դուրս եկած գարնանը: Ուսուցչուհին ընթերցեց Համո Սահյանի <<Գարուն է գալիս>> բանաստեղծությունը: Աղյուսակի մեջ տեղադրեցին պարզ, բարդ և ածանցավոր բառերը: Աշակերտները ունկնդրեցին հատվածներ Վիվալդիի <<Տարվա եղանակները>> ստեղծագործությունից և Ալ. Հեքիմյանի <<Գարուն է գալիս>> երգից: Հետաքրքիր էր նաև դասի ընթացքում դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Գեղեցիկ Առաքելյանի թեմատիկ նկարների ցուցադրումը: Դասն ամփոփվեց <<Հնգյակ>> վարժության կիրառումով: Աշակերտները փայլեցին իրենց վարժ ու սահուն ընթերցանությամբ, ստեղծագործական երևակայությամբ: Տնօրենության և դասին ներկա ուսուցիչների կողմից` երիտասարդ ուսուցչուհու վարած բովանդակալից, մեթոդապես ճիշտ կառուցված դասը արժանացավ գովասանքի: Դասի վերջում ուսուցչուհի Ամալյա Գևորգյանը կատարեց <<Դռները բացե'ք, գարուն է գալիս>> երգը և աշակերտները ուսուցչուհուց ստացան գարնանային խորհրդանիշ – ծաղիկներ:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: