Նորություններ

Մոնսերատ Կաբալիեն պատվավոր շքանշան է ստացել ՀՀ նախագահի կողմից

Ուշագրավ 2013-06-10

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին և նշել, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին, և շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացավ հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով: Տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալիեին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահն ընդգծել է, որ մեծ հաճույքով և համոզվածությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության ամենապատվավոր շքանշաններից մեկը մի երգչուհու, ով իր ներկայությամբ, անկրկնելի ձայնով ու վարպետությամբ պատվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի ու լավագույն բեմերը:
 
Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալիեն շնորհակալությամբ է ընդունել, իր բնորոշմամբ, ի նշան ջերմության և սիրո տրված պարգևը:
 
«Խաղաղության և սիրո կղզի է Հայաստանը: Դուք հրաշալի երկիր ունեք և ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,- ասել է Մոնսերատ Կաբալիեն:
 
Երգչուհին նշել է, որ անկրկնելի տպավորություններով է հեռանում Հայաստանից, և վստահ է, որ ավարտվող այս այցը դեռ շարունակություն է ունենալու:
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: