Նորություններ

«Կոկա-Կոլա գավաթի» առաջնությունը հասավ իր գագաթնակետին. բոլորս դեպի մարզադաշտ

Սպորտ 2013-06-08

«Կոկա-Կոլա գավաթ 2013» մրցաշարի ½ փուլի գլխավոր անակնկալը Երևանի թիվ 84 դպրոցի թիմի եզրափակչում խաղալու իրավունքից զրկվելն է: Եվ դրա միակ մեղավորը առաջնությունում մնացած մայրաքաղաքային վերջին թիմի ֆուտբոլիստներն են: Առաջնության հենց սկզբից նրանց խաղը կառուցված էր գործող սպորտսմեն Հովհաննես Հարությունյանի շուրջ, և հակառակորդի միակ խնդիրը նրան փակելն էր: Դա հաջողվեց Մարտունու 3-րդ դպրոցի սաներին, իսկ հակառակորդն ակնհայտորեն թերագնահատել էր մրցակցին և մտովի, կարծես, արդեն եզրափակչում էր:
Մարտունին խաղի հենց առաջին վայրկյաններից անցավ գրոհների` գործի դնելով բացառապես թիմային խաղ: Երևանցիների միակ հույսը Հովհաննեսի անհատական անցումներն էին, որոնք այդ օրը չէին աշխատում. մեկին անցավ, երկուսին` և գնդակը կորած է: Նրան ուղղակի զրկել էին դարպասին մոտենալու հնարավորությունից: 
 
Շատ թույլ խաղ ցուցադրեց նաև Երևանի թիմի մյուս ֆուտբոլ պարապող տղան` պաշտպան Արա Սահակյանը, որը հիմնականում զբաղված էր գնդակը սեփական դարպասից ուժգին հարվածով հեռացնելով: Սակայն այդ հեռացումները նպատակային չէին և հիմնականում գնդակի կորստի պատճառ էին դառնում:
 
Մարտունեցիների կոմբինացիոն խաղը վերածվեց գոլի, որից հետո 84 դպրոցի Հովհաննեսը էլ ավելի տարվեց անհատական գործողություններով: Եվ միայն խաղի վերջնամասում, երբ երևանցիները պարտվում էին 3:0 հաշվով, նրան հաջողվեց հեղինակության գոլ խփել:
 
Մյուս կիզաեզրափակիչը Չարենցավանի 3-րդ և Վեդու 1-ին դպրոցների միջև էր: Այդ խաղի ինտրիգը կորավ արդեն առաջին խաղակեսում. Վեդու պաշտպաններն ու հարձակվողները գործում էին անկախ իրարից` թողնելով խաղային տարածքը հակառակորդին: Իսկ վերջինիս կազմում փայլուն խաղ էր ցուցադրում Արթուր Կոշկարյանը, ով հեշտությամբ անցնում էր 4-5 հոգու և այդ ամենը եզրափակում էր գրագետ և սուր փոխանցումներով կամ դարպասին հարվածելով: 
 
Բացի այդ՝ Չարենցավանցիներն աչքի ընկան երկրորդ հարկում գրագետ խաղով, և իրենց կատարմամբ յուրաքանչյուր անկյունային և հակառակորդի տուգանային կատարած բարձրից փոխանցում շատ մեծ վտանգ էր պարունակում: Թվարկածը հանգեցրեց Վեդու թիմի պարտությանը՝ խոշոր 8:1 հաշվով:
 
Իսկ հունիսի 8-ին` ժամը 11:00-ին, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում բոլորիս սպասում է Մարտունի-Չարենցավան եզրափակիչը, և միակ կանխատեսումը, որ կարելի է անել, դա իրար արժանի հակառակորդների դիտարժան խաղն է:
 
Այդ հակամարտությանը 09:45-ին կնախորդի երրորդ տեղի համար հանդիպումը` Երևանի 84 և Վեդու 1-ին դպրոցների թիմերի միջև:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: