Նորություններ

«Քաջերի սերունդները քաջեր են»

Կրթական 2017-02-03

Այս կարգախոսով Ստեփանավանի N 1 դպրոցում տեղի ունեցավ դասղեկական օրինակելի դաս՝ նվիրված Հայկական բանակի 25-ամյակին (ուսուցիչ՝ Ն. Լազարևա, դասարան՝ 5-րդ ա): Դասի ընթացքում ներկայացվեց հայոց փառապանծ բանակի ուղին, հայ զինվորի կերպարը՝ Հայկ նահապետից մինչև Արմենակ Ուրֆանյան: Աշակերտները ցուցադրեցին իրենց ձեռքով պատրաստած հնագույն զենքերի տեսակները, պատմեցին լայնալիճ աղեղի, երեքթևյան նետի, նետասլաքների, վահանի ու սաղավարտի մասին: Դասի ընթացքում ներկայացվեցին հայոց պատմության փառավոր դրվագները, հայ զորավարների ու արքաների կիրառած մարտավարությունն ու հաղթանակները: «Մարդկային գործերի մեջ ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է»: Աշակերտները պատմեցին Մուշեղ Սպարապետի, Հունան Ավետիսյանի, Գագիկ Ստեփանյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի սխրանքների մասին: Դասն ամփոփվեց հայ զինվորի և Սասունցի Դավթի հավաքական կերպարների նույնացմամբ: Յուրաքանչյուր էպոս իր ազգի էությունն է, ազգի նկարագիրը: Հայ զինվորը, ինչպես էպոսի հերոսները, շիտակ է ու ծուռ, ազնիվ ու քաջ: Աշակերտները «Սասնա ծռեր» էպոսից ներկայացրեցին հատվածներ, որտեղ արտացոլված էին հայ զինվորի, հայ մարդու ազնվությունը, անվեհերությունը, քաջությունը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: