Նորություններ

ՀՀ Նախագահին է ներկայացվել կրթահամակարգի ներկայիս վիճակը

Կրթական 2017-01-19

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ՀՀ Նախագահին է ներկայացրել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների ներկայիս վիճակը, կրթության համակարգի բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները, նորարարական ծրագրերը և այլն:
Նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտի ձեռքբերումներին, դրանցից կարևորագույնը համարել այն, որ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է Հայաստանի «կրթական ժամացույցը» պահել անխաթար:
 
«Այսօր հանգամանորեն պետք է քննարկենք հանրակրթության ոլորտում առկա խնդիրները: Արարատյան բակալավրիատը փայլուն է, գերազանցության կենտրոնները փայլուն են, բայց այդ կենտրոնների աշխարհագրությունն էլ պետք է ավելանա, առաջ տանող ուժն էլ:
 
Դուք ճիշտ եք ասում՝ մենք կրթությունը, առավել ևս հանրակրթությունը, չենք կարող էլիտարացնել: Այո՛, պետք է լինեն ուսումնական հաստատություններ, որոնք տարբերվում են ուրիշներից: Միանմանությունը ոչ մի լավ բանի չի բերի: Բայց կրկնում եմ՝ սրանց առավելությունները մեզ համար պետք է լինեն չափանիշներ և ուրիշներին առաջ տանող, քաշող ուժեր:
 
Մեր ուսուցիչների վերապատրաստման ողջ գործընթացը պետք է փոխվի: Այն ուսուցիչները, որոնք մշտապես կարողանում են ժամանակակից չափանիշներին համապատասխան վերապատրաստվել, իհարկե, պետք է և՛ վերաբերմունքի, և՛ աշխատավարձի առումով տարբերվեն մյուսներից, իրենց աշխատանքն էլ պետք է չափանիշ լինի...»,-ասել է Հանրապետության Նախագահը:
 
Նախարարի զեկույցից հետո Հանրապետության Նախագահը հանձնարարել է ձևավորել մասնագիտական խումբ՝ դրանում ներառելով նաև հանրակրթության բարեփոխումների ծրագրի մշակմանը մասնակցած անձանց և վեցամսյա ժամկետում համապարփակ ներկայացնել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: