Նորություններ

Դասղեկի բաց ժամ Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցում

Կրթական 2016-12-07

<<Ժամանակ>> ասվածը հրաշք է: Իսկապես ,ինչպես կարելի է մեկ 45 րոպեի մեջ հասցնել այդքան գործ անել: Պարզվում է , որ շնորհաշատ դասղեկ – մանկավարժը , գործի դնելով իր ստեղծագործական ջիղը, գրագիտությունն ու եռանդը, կարող է վարել դասաժամ, որն էլ իր արդյունավետությամբ կհամարվի ուսուցանելի և օրինակելի փորձ` ցանկացողների համար: <<Մենք հավերժ ենք մեր լեռների պես>> խորագիրը կրող դասղեկի ժամը III գ դասարն էր հավաքել Վարդենիսի N 2 հիմնական դպրոցի տնօրինությանը , մանկավարժներին, դասղեկ-դասվարներին: Դասասենյակը տոնական էր իր ողջ կահավորանքով , պաստառներով , զննական պարագաներով: Շքեղության մեջ կար թեմատիկա ՝ զուսպ հավասարակշռությամբ և ճաշակի ներդաշնակությամբ : Սովորողները կրում էին զինվորական համազգեստ՝ եռագույնի խորհրդանշաններով և շքանշաններով: Դասվար Լուսինե Մայիլյանը խթանիչ հարցեր ուղղեց սովորողներին՝ ո՞վ ենք մենք ՝ որպես ազգ, ո՞րն է մեր հայրենիքը, ինչո՞ւ ենք մենք կոչվում հայ, իսկ մեր երկիրը՝ Հայաստան, ինչո՞ւ մեր լեզուն , երկիրը , եկեղեցին մեծարվեցին <<մայր>> տիտղոսաբառով և այլն: Աշակերտներն այստեղ արդեն հանդես եկան իրենց հիանալի ձեռքբերումներով ՝ գեղարվեստասերին բնորոշ բանստեղծական խոսքով , խրոխտ երգերով և հայրենիքի պատմության , մշակույթի, նրա տարած փառահեղ հաղթանակների և կրած տխրությունների մասին ունեցած մեծ իմացությամբ: Սովորողներն իրենց ներշնչված խոսքով հիշեցին Հայոց մեծ ցավը՝ Եղեռնը, Արցախյան հերոսամարտը և Ապրիլյան քառօրյայում նահատակված հերոսներին՝ անուն առ անուն: Հնչեցին Գարեգին Նժդեհի՝ ազգը փառաբանող և ցեղակրոն ոգին վեր հանող խոսքերից: Աշակերտներն իրենց <<Դասղեկի ժամ>>-ի համար նախատեսված տետրերում ունեին նաև գեղեցիկ ձեռագրերով գրված շարադրություն ՝ <<Իմ հայրենիքը…>> թեմայով: Այնուհետև նռան խորհրդանիշը կրող պատկերանշանների վրա աշակերտներից յուրաքանչյուրը մեկ բառով գրեց թե ինչպիսին կուզենար տեսնել իր հայրենիքը և բարձրաձայն կարդալուց հետո կախեց նռնենու (որպես հայության հավերժության խուհուրդ) ճյուղերից: Դասն ավարտվեց ծափողջյուններով ուղեկցվող <<Հայե՛ր, միացե՛ք>> տպավորիչ խմբերգով , որն ասես սրտի կոչ էր , մի հրաման-խնդրանք ՝ ուղղված աշխարհասփյուռ հայերին: Հեղինակ ՝ Ն.Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: