Նորություններ

«Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցները պարգևատրվեցին համակարգիչներով

Ուշագրավ 2013-05-31

«Dasaran.am» կրթական ծրագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ ս.թ. ապրիլի 2-ից մայիսի 10-ը իրականացրել էր «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթը, որի ամփոփումն ու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ ս.թ. մայիսի 31-ին` ժամը 12:00-ին:
Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ընթերցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում է.
 
«Վստահաբար կարող եմ նշել, որ «Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթն իրավամբ հաջողել է իր նպատակներում և նույնիսկ գերազանցել ակնկալվող արդյունքները: Անչափ կարևորելով և բարձր գնահատելով նման միջոցառման անցկացումը` ևս մեկ անգամ երախտագիտությունս եմ հայտնում «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիրներին և աշխատակիցներին` նման նախաձեռնության իրականացման համար, և սրտանց շնորհավորում մրցույթի մասնակիցներին և հատկապես հաղթողներին: Հուսով եմ` այս ողջունելի և նպատակային նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի և  լրացուցիչ խթան կհանդիսանա դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման և այդ եղանակով կրթության արդիականացման և որակի բարձրացման համար»:
 
Նախարարը նաև իր ողջույնի խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին` շնորհավորելով մրցույթի հաղթողներին: «Ակնհայտ է, որ «Dasaran.am» կայքը սովորական կայք չէ, այն կրթական էլեկտրոնային գործիք է, որը կարելի է ներկայացնել անգամ ամենաառաջադեմ միջազգային մանկավարժական հանրույթին: Այն կրթական, գիտական և տեղեկատվական արդյունք է, որն, ինչու չէ, կարելի է վաճառել արտաքին աշխարհում և հասանելի դարձնել նաև եվրոպական երկրներին: Մենք ունենք նման հեռանկար, և նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում` ապագայում ևս իր աջակցությունը ցուցաբերելու սույն էլեկտրոնային միջավայրի զարգացմանը և արտահանմանը: Այսինքն` մենք ոչ միայն միջազգային մանկավարժական մտքի սպառող ենք, այլ նաև մատակարարող և արտահանող: Ուրախալի է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստացել ենք նման ժամանանակից գործիք: Մաղթում եմ, որ «Dasaran.am» տիրույթում մոտ ապագայում ներառվեն Հայաստանի բոլոր դպրոցները, որն էլ իր հերթին թույլ կտա ավարտին հասցնել ընդհանուր էլեկտրոնային միջավայրի կառուցման և կայացման աշխատանքները, գերժամանակակից և շատ օգտակար գործիքները հասանելի դարձնել յուրաքանչյուր աշակերտի և ծնողի համար»,-նշեց նախարարը` մաղթելով «Dasaran.am» կրթական ծրագրին նոր բարձունքներ:
 
Մրցանակաբաշխության արարողության բացման խոսք ասաց նաև «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը` նշելով, որ «Նոր սերնդի դպրոց» մրցույթը կկրի շարունակական բնույթ կկրի` նպատակ ունենալով խրախուսել «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից տրամադրված էլեկտրոնային մատյանը լիարժեք կիրառող դպրոցներին: «Համաձայն Dasaran.am կայք-ի վերլուծության՝ այն աշակերտները, որոնց ծնողներն օգտվում են Dasaran.am-ի ծառայություններից, գրանցում են առաջընթացի աճ և բացակայությունների նվազում, ինչը ևս փաստում է ծառայության անհրաժեշտությունն ու արդյունավետությունը»,- ընդգծեց նա:
 
«Նոր սերնդի դպրոց 2013» մրցույթին մասնակցել են «Dasaran.am» կրթական ծրագրին այս պահին միացած բոլոր 757 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումը:
 
Մրցույթում առաջին 50 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Dasaran.am» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության կողմից  ստացան բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, խրախուսական նվերներ և պատվոգրեր: Ընդ որում` առաջին հորիզոնականը զբաղեցրած Գյումրու թիվ 44 դպրոցը ստացավ համակարգչային տեխնիկայի հավաքածու:
 
Մրցույթի գլխավոր մրցանակակներիn արժանացան հետևյալ 8 դպրոցները.
 
1. Գյումրու թիվ 44 դպրոց,
2. Թումանյանի միջնակարգ դպրոց,
3. Մարտունու թիվ 1 դպրոց,
4. Երևանի թիվ 157 դպրոց,
5. Նոր-Ամանոսի միջնակարգ դպրոց,
6. Հայրավանքի միջնակարգ դպրոց,
7. Վայքի վարժարան,
8. Երասխի միջնակարգ դպրոց:
 
Մրցույթի առաքելությունն է բարձրացնել ՀՀ դպրոցներում ուսուցչական անձնակազմի համակարգչային գիտելիքների մակարդակը, խթանել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումը, խրախուսել դպրոցներում «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից տրամադրված էլեկտրոնային միջավայրի լիարժեք կիրառումն, իսկ ծնողների համար ապահովել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը: 
 
Նշենք, որ մրցույթի անցկացմանն աջակցել են «Անտարես Հոլդինգը» և «Vega Group» խանութների ցանցը: 
 
Հիշեցնենք, որ Dasaran.am-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 757-ը` այս պահին ունենալով ավելի քան 274 939 գրանցված աշակերտ և նույնքան ծնող, 757 տնօրեն և 28.631 ուսուցիչ: Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: