Նորություններ

Գոռը, Փուլուզը և բերդավանցիների վերջին վայրկյանները. «Կոկա-Կոլա գավաթ 2013»-ը հասավ կիսաեզրափակիչ

Սպորտ 2013-05-30

«Կոկա-Կոլա գավաթ 2013» մրցաշարի ¼ փուլը անցավ թեժ և հավասար պայքարում: Հետևելով խաղերին` շատ բարդ էր գուշակել, թե որ թիմն է այդ պահին հաղթում. նույնիսկ պարտվողները պայքարում էին մինչև վերջին վայրկյանները:
Մայրաքաղաքի 171-րդ և Չարենցավանի 3-րդ դպրոցների թիմերի մրցավեճի առաջին կեսն անցավ հավասար պայքարում: Երևանցիների գրոհներին սրություն էր հաղորդում հարձակվող Վահագն Ենգոյանը, սակայն հակառակորդի դարպասապահ Արթուր Նաղդալյանի վստահ խաղի շնորհիվ այդ գրոհներն անարդյունավետ էին: Չարենցավանցիները իրենց հերթին գրագետ հակագրոհ կազմակերպեցին և բացեցին հաշիվը, բայց մինչև ընդմիջման գնալը գոլ թողեցին սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսը Չարենցավանն ավելի վստահ սկսեց, իսկ 171-ի սաները տարվեցին անհատական խաղով, ինչի արդյունքում երեք անպատասխան գնդակ ընդունեցին` պարտվելով 1:4 հաշվով: 
 
Այսօր կիսաեզրափակչում Չարենցավանը ուժերը չափելու է Վեդու 1 դպրոցի թիմի հետ, որը մրցաշարից դուրս թողեց Գյումրու 6-րդ դպրոցը: Վերջինիս թիմը սպասվածից թույլ հանդես եկավ` չկարողանալով թելադրել իր խաղը: Մրցակիցները երկուական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը, և թվում էր, թե հաղթողը կպարզվի 11-մետրանոցներով, սակայն դա չէր մտնում Վեդու պլաների մեջ: Խաղն ավարտվեց 3:2 հաշվով:
 
Առաջնության հենց սկզբից պարզ էր, որ Երևանի թիվ 84 դպրոցի թիմը հավակնում է ամենաբարձր տեղեր գրավել մրցաշարում, քանի որ իրենց կազմում ունեն Հովհաննես Հարությունյանին: Նա ոչ միայն թիմի գրոհների և գոլերի հիմնական հեղինակն է, այլ նաև հասցնում է օգնել պաշտպանությանը: Եվ այդքան էլ զարմանալի չէր, երբ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղի թիմը խաղի սկզբում իրար ետևից չորս գնդակ ընդունեց սեփական դարպասը: Խաղը կարելի էր ավարտված համարել, եթե շիրակցիների կազմում չզարթնեին թիմի ավագ Գոռ Բաղդասարյանն ու հարձակվող Ֆրունզե Հովհաննիսյանը, ով ընկերների և երկրպագուների շրջանում հայտնի է իբրև Փուլուզ: Նրանք երկուսով սկսեցին ճնշել մրցակցին` կազմակերպելով գրոհը գրոհի ետևից: Գոռը, հիանալի տեսնելով դաշտը, շատ խելամիտ փոխանցումներով սնում էր Ֆրունզեին, ով անընդհատ բացվում էր և հանգիստ չէր տալիս երևանցիների պաշտպանությանը: Համատեղ ջանքերով Գոռն ու Փուլուզը դարձրին հաշիվը 4:3, բայց ավելին անելն անհնար էր: Շիրակցիները պարտվեցին 6:3 հաշվով, սակայն մրցաշարի լավագույն ֆուտբոլիստին վստահորեն կարելի է ընտրել հենց իրենց թիմից:
 
84 դպրոցը եզրափակչի ուղեգրի համար կմրցի Մարտունու 3-րդ դպրոցի սաների հետ: Վերջիններս ¼-ում հաղթանակ տարան բերդավանցիների նկատմամբ: Խաղի լարվածությունը ստիպում էր թիմերին չափազանց շատ սխալվել: Առավելություն չուներ ո´չ Մարտունին, և ո´չ էլ Բերդավանը, որը, սակայն, անտրամաբանական գոլ բաց թողեց. պաշտպանը փորձում էր հեռացնել գնդակը սեփական դարպասներից, բայց այն դիպավ հակառակորդին և անցավ ուղիղ ցանցի մեջ: Մնացած ժամանակում խաղը կրկին դիտարժան չէր. թիմերն անըդհատ անարդյունավետ օդային փոխանցումներ էին անում` ավելի մեծ ուշադրություն դարձնելով պաշտպանությանը: Պաշտպանվում էր նույնիսկ Բերդավանի հարձակվող Լուիզա Ղազարյանը: Երկրորդ խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին: Հաշիվը 2:1 էր, խաղն ավարտվում էր, հանկարծակի Մարտունու պաշտպաններից մեկը ձեռքով խաղաց սեփական տուգանայինում: Մրցավարը 11-մետրանոց նշանակեց, գնդակին մոտեցավ ավագ Արման Գաբրիելյանը: Հարված…և դարպասապահը հետ է մղում գնդակը: Հնչում է խաղի ավարտը և Մարտունու հաղթանակը արձանագրող մրցավարի սուլիչը:
 
Մրցաշարի մանրամասները` այստեղ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: