Նորություններ

Պաշտոնապես ներկայացվեց հանրակրթության վիճակագրության “E-stat” էլեկտրոնային վերլուծական գործիքը

Ուշագրավ 2016-11-23

Համատեղելով աշխարհում ճանաչելի և լավագույնը համարվող կրթական փորձը, նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն ու սեփական ներուժը՝ Dasaran-ն իր գործունեության ընթացքում մշակել է այնպիսի էլեկտրոնային գործիքներ, որոնց միջոցով կրթական ոլորտը դարձել է առավել թափանցիկ ու վերահսկելի, իսկ կրթությունն աշակերտների համար հավասարապես հասանելի ու մատչելի:
Հավատարիմ իր գործելաոճին՝ այժմ կրթական ծրագիրը ներկայանում է հանրակրթության վիճակագրության “E-stat” էլեկտրոնային վերլուծական նոր գործիքով, որն ստեղծել է Dasaran-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ:
 
Հենց այդ դիագնոստիկ գործիքի պաշտոնական ներկայացումն էլ տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 23-ին Dasaran կրթական կենտրոնում: Արարողությանը որպես պատվավոր հյուրեր ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում Լեհաստանի դեսպան Ե.Մ. Նովակովսկին, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և այլ պետական այրեր:
 
Իր տեսակի մեջ եզակի “E-stat” էլեկտրոնային վերլուծական գործիքի ստեղծումը նպատակաուղղված է հանրակրթական համակարգի բոլոր շերտերի ընդգրկուն մշտադիտարկմանը և բացակների վերհանմանը, ողջ երկրի կտրվածքով հանրակրթական դպրոցների արդյունավետության վերլուծությանը, ինչպես նաև ժողովրդագրական կարևորագույն տվյալների և դրանց զարգացման համեմատական պատկերների ստացմանը:
 
 Էլեկտրոնային վերլուծական գործիքը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, ինչպես նաև կրթության համար պատասխանատու այլ պետական մարմինների համար, որոնք, հիմք ընդունելով գործիքի տրամադրած տեղեկատվությունը, կկարողանան մշակել Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխմանը և զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն:
 
«Մոտիվացված երիտասարդների կողմից կյանքի կոչված ծրագիրը՝ Dasaran-ը, այնքան հաջող սկսեց իր աշխատանքը, որ հարգանք առաջացրեց աշխարհի լավագույն կրթական կենտրոններում: Շնորհակալություն եմ հայտնում Dasaran-ին իր կատարած այսօրինակ աշխատանքի համար…
 
Ես հույս ունեմ, որ Dasaran-ի հետ համագործակցությունը կծավալվի, և մենք կկարողանանք ստանալ աջակցություն նախ և առաջ էլեկտրոնային դասավանդման ուղղությամբ, ու այդ տեսանկյունից մենք՝ որպես նախարարություն պարտավոր ենք բացել այս ճանապարհները»,-նկատեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ արժևորելով Dasaran-ն ու կրթական ծրագրի մշակած էլեկտրոնային գործիքը:
 
«Շնորհակալ ենք Dasaran-ին այն գործունեության համար, որը ծավալում է ի նպաստ Հայաստանում կրթական ոլորտի բարելավման: Այս ծրագիրը շատ կարևոր նշանակություն ունի Եվրոպական միության համար… Հայաստանում շատ են տաղանդավոր երիտասարդները, և մենք հավատացած ենք, որ այս բնածին տաղանդները կարող են զարգանալ միայն կրթության մեջ պատշաճ ներդրում կատարելու շնորհիվ»,-իր հերթին շեշտեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
 
“E-stat” դիագնոստիկ գործիքի միջոցով հնարավոր է ստանալ իրական ժամանակում պարբերաբար թարմացվող տվյալներ այնպիսի կտրվածքով, ինչպես օրինակ՝ աշակերտների, ծնողների և ուսուցիչների բաշխվածությունն ըստ մարզերի, տարիքի կամ սեռի, աշակերտների միջին գնահատականը, գերազանցության և բացակայության ցուցանիշները, աշակերտական միջդպրոցական և արտաքին (այլ երկրներ) տեղաշարժերը, ուսուցիչների ծանրաբեռնվածության ցուցանիշները, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը և այլն:
 
Ըստ որում՝ էլեկտրոնային վերլուծական գործիքը եզակի հնարավորություն է տալիս նաև ստանալ վերը թվարկված (և ոչ միայն) վիճակագրական բոլոր տվյալների զարգացման համեմատական պատկերն ըստ տարիների: «Այսպիսով, էլեկտրոնային վերլուծական գործիքը հնարավորություն կտա «ախտորոշել» կրթության ներքին շերտերում առկա և կրթության զարգացմանը խոչընդոտող խոցելի կողմերը, որոնց շտկումը հնարավոր կդարձնի մեր երկրի կրթական ոլորտի բարելավման տվյալահենք (“data-driven”) և թիրախային ռազմավարության ստեղծումը:
 
Վերջինն էլ իր հերթին իրական կդարձնի Հայաստանը կրթական մարտահրավերներ հաղթահարող և ժամանակակից մոդելներ արտահանող երկիր վերածելու տեսլականը»,-ասաց Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը՝ ամփոփելով “E-stat” դիագնոստիկ գործիքի ներկայացման արարողությունը:  

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: