Նորություններ

Երևանում ամենաշատ վաճառված գրքերի ցանկը

Ուշագրավ 2013-01-21

«Արմենպրես» լրատվական գործակալության կողմից առաջին անգամ կատարված հարցումների արդյունքում պարզվեց, որ նախորդ յոթ օրերի ընթացքում ամենաշատ գնված գրքերի ցանկը գլխավորում է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»:

Երկրորդ տեղում Գրիգոր Նարեկացու կրկնակի շապիկով «Մատյան ողբերգության» գիրքն է: Հայերեն թարգմանված գրքերից ամենաշատը գնում են Պաուլո Կոելոյի «Ալքիմիկոսը» և Հանս Քրիստեան Անդերսենի «Հեքիաթները»:

Ցանկի հինգերորդ հորիզոնականում ժամանակակից հայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գիրքն է, որին հաջորդում է Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը»:
 
Երևանյան գրախանութներոում պահանջված է նաև թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը» գեղարվեստական գիրքը: Այն ամենաշատ գնված գրքերի ցանկում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: «Ստամբուլի բիճը»-ը գրքին հաջորդում է Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» ստեղծագործությունը: Հայ ընթերցողն ուշադրությունից դուրս չի թողնում նաև դասական գրողներին. իններորդ հորիզոնականում Նար-Դոսի «Երկեր» ժողովածուն է: Ցանկի տասներորդ հորիզոնականում Գարեգին Խանջյանի «Ենոքի աչքը» գիրքն է:
 
Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան հինգ գրախանությների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք», «Նոյյան տապան», «Մեկ պրինտ», «Բյուրոկրատ» և «Բուքինիստ» գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ը ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:
 
Աղբյուրը` Armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: