Նորություններ

Կապանցիների հոգնածությունը և շիրակցիների պատվախնդրությունը. «Կոկա-Կոլա գավաթում» մնացին 8 թիմ

Սպորտ 2013-05-25

«Կոկա-Կոլա / ՀՖՖ Ֆուտբոլի դպրոցական գավաթ 2013» մրցաշարում մնացին ուժեղագույն 8 թիմերը, որոնք մայիսի 27-ին ՀՖՖ Տեխնիկական-կենտրոն ակադեմիայի խաղադաշտում կխաղարկեն կիսաեզրափակիչ մտնելու ուղեգրերը:

Հաջորդ փուլ են դուրս եկել Շիրակի մարզի երկու թիմերը` Գյումրու թիվ 6 դպրոցի և Նոր Կյանք գյուղի, որոնք խոշոր հաշվով հաղթանակներ տարան համապատասխանաբար Երևանի թիվ 33 և 52 դպրոցների նկատմամբ: Շիրակցիները կրկին աչքի ընկան պատվախնդրությամբ` մինչև վերջին րոպեն չթուլացնելով ճնշումը և գրագետ պաշտպանելով սեփական դարպասը:

Այսպիսով, մայրաքաղաքից առաջնությունում մնացել են 171 և 84 դպրոցների սաները: Առաջինը, ինչպես նախորդ խաղում, մրցակցին` այս անգամ Ալավերդու թիմին, հաղթեց` 11-մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացնելով: 84 դպրոցի թիմը կրկին համոզիչ հաղթանակ տարավ` հիմնականում Հովհաննես Հարությունյանի գրագետ գործողությունների շնորհիվ: Նրա ֆիզիկական տվյալները և խաղային որակները կասկածելի թվացին 84 դպրոցի առաջին մրցակցի` Արփի թիմի մարզչին, սակայն առաջնության կազմկոմիտեն` ի դեմս Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հաստատեց, որ Հովհաննեսի փաստաթղթերը լիովին համապատասխանում են մրցաշարի պահանջներին:
 
Հարկ է նշել նաև, որ այդ թիմի հաղթանակի տպավորությունները փչացրին 84 դպրոցի երկրպագուները, ովքեր չափազանց անհարգալից արտահայտություններ և սպառնալիքներ էին հնչեցնում հակառակորդ թիմի` Աշտարակի թիվ 1 դպրոցի փոքրաթիվ երկրպագուների հասցեին:
 
Լարված պայքարում անցավ առաջին խաղում «Կոկա-Կոլա գավաթին» տիրանալու լուրջ հայտ ներկայացրած Հրազդանի թիվ 11 դպրոցի և առաջնության ամենատեսարժան խաղը ցուցադրող Բերդավանի թիմերի միջև պայքարը: Առաջին խաղակեսում բերդավանցիները 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան, սակայն չկարողացան հաշվի մեջ առաջ անցնել: Տավուշցիների եռանդը չպակասեց, և նրանք երկու գնդակի առավելություն ստացան, ինչից հետո միայն թուլացրին խաղը: Դրանից օգտվեցին հրազդանցիները և մինչև խաղի ավարտը չէին թուլացնում ճնշումը Բերդավանի դարպասների մոտ, սակայն մեկ գնդակից ավել նրանց խփել չհաջողվեց: 
 
Բերդավանցիների մրցակիցը մյուս փուլում Մարտունու 3 դպրոցի սաներն են, ովքեր դժվարին հաղթանակ տարան Սուրենավանի թիմի նկատմամբ: Խաղի սկզբնամասում մարտունեցիները երկու արագ գոլ խփեցին և այդքանով բավարարվեցին: Խաղը ճահճացավ, և Սուրենավանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, որը, սակայն, մինչև խաղի ավարտ մնաց անփոփոխ:
 
Գավաթի խաղարկությունից դուրս մնաց նաև Կապանի 3 դպրոցը, որի սաներին չհաջողվեց գործի դնել թիմի ողջ ներուժը: Ֆուտբոլիստները խաղադաշտ էին մտել հոգնած. հավանաբար զգացնել տվեց 7-ժամանոց ճանապարհը դեպի մայրաքաղաք: Դրանից օգտվելով` Չարենցավանի 3 դպրոցի թիմը առաջին րոպեներից սկսեց թելադրել խաղի ընթացքը, և կապանցիների անհատական բարձր դասը միայն թույլ չէր տալիս մրցակցին հաշվի մեջ զգալի առավելություն ստանալ: Իսկ խաղավերջում սյունիքցիները, հավաքելով վերջին ուժերը, կարողացան նույնիսկ հավասարեցնել հաշիվը, սակայն մրցավարի սուլիչը չթողեց զարգացնել հաջողությունը հիմնական ժամանակում: Իսկ 11-մետրանոց հարվածներում ավելի հաջողակ գտնվեցին չարենցավանցիները:
 
Մայիսի 27-ին եզրափակչի ¼ փուլում մրցելու են.
 
Երևանի թիվ 171 դ.  –  Չարենցավանի թիվ 3 դ.      
Գյումրու թիվ 6 դ.    –  Վեդի թիվ 1 դ.                      
Բերդավանի դ.          –  Մարտունու թիվ 3 դ.  
Նոր Կյանքի դ.          –  Երևանի թիվ 84 դ.
 
Խաղերն անցկացվում են  ՀՖՖ Տեխնիկական-կենտրոն ակադեմիայի խաղադաշտում, սկիզբը` ժամը 15:00-ին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: