Նորություններ

Ամփոփվեց «Ընթերցման օլիմպիադա 2012» մրցույթը

Ուշագրավ 2013-05-15

Ս.թ. մայիսի 14-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունների և «Անտարես» հրատարակչության կողմից կազմակերպված «Ընթերցման օլիմպիադա 2012» մրցույթի եզրափակիչ փուլը, որին հաջորդեց մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Օլիմպիադային մասնակցում էին Հայաստանի Հանրապետության 1400 դպրոցների 6-րդ դասարանի աշակերտներ, իսկ եզրափակիչ փուլում մրցում էին 33 աշակերտներ, որոնք նախ ընթերցեցին իրենց նախընտրած ստեղծագործությունը, այնուհետև հատված՝ ժյուրիի կողմից առաջարկված ստեղծագործությունից:

ՀՀ ԿԳ նախարարը, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը, նշեց,  որ ապագան  կառուցվում է գիտելիքի արժևորմամբ. ոչ ընթերցասեր մարդը հուսալի ապագա չունի: «Ամիսներ տևած օլիմպիադան գրանցեց իր հաջողությունը: Սա գրքին մերձենալու հաջողված առիթ էր: Մեր աշակերտներն ապացուցեցին, որ ժամանակակից հայ երեխան գիրքը համակարգչով չի փոխարինում և, բացի հեռակառավարման վահանակից և համակարգչից, սիրով նաև գիրք է բացում ու կարդում»,-ասաց նախարարը:

Օլիմպիադայի հաղթող ճանաչվեց Երևանի Գ.Նարեկացու անվան  թիվ 137 դպրոցի աշակերտուհի Մարիա Նավասարդյանը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Սևանի թիվ 1 դպրոցի աշակերտուհի Սաթենիկ Միրաքյանն ու Երևանի Գ.Էմինի անվան թիվ 182 դպրոցի սան Ալեն Սարգսյանը: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով, ինչպես նաև մրցույթի գործընկերների, այդ թվում` գլխավոր ինֆորմացիոն հովանավոր «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից ստացան բազմաթիվ մրցանակներ: Նշենք, որ հաղթողը մասնակիցը ստացավ Հռոմ մեկնելու ուղեգիր՝ ծնողներից մեկի ուղեկցությամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: