Նորություններ

Dasaran-ը նախաձեռնում է Հայաստանի՝ Intel ISEF մրցույթին մասնակցելու գործընթացը

Ուշագրավ 2016-05-03

Մայիսի 9-ից 12-ն ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի կունենա Ինտել ընկերության հովանավորությամբ անցկացվող աշխարհում ամենահեղինակավոր դպրոցական մրցույթը, որի լավագույն մասնակիցներից 7-ը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են։
Մրցույթին Հայաստանի մասնակցության գործընթացը նախաձեռնելու նպատակով Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը մայիսի 2-ին մեկնեցին ԱՄՆ:
 
Հայաստանի ներգրավվումը մրցույթին հնարավորություն կտա հայ աշակերտներին՝ ներկայացնելու աշխարհին STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտներում իրենց նորարար նախագծերը։ Սա առաջին հերթին կնպաստի Հայաստանում STEM կրթության՝ ժամանակակից աշխարհի պահանջներին համահունչ զարգացմանը:
 
Dasaran-ի թիմը նաև հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 5-8-ը Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում նահանգային մակարդակով անցկացվելիք մրցույթին։ Մասնակցության նպատակն է «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթի» անցկացման կանոններին և ընթացակարգերին տեղում հանգամանալից ծանոթանալը:
 
Ըստ որում՝ Բոստոնում հիմնված «Հայկական ազգային գիտության և գյուտարարության մրցույթ» (ANSIC) կազմակերպությունը համագործակցում է Dasaran-ի հետ Հայաստանը «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթում» ներկայացնելու ուղղությամբ:
 
Ինտել միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորություն ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն անցկացնել ազգային մակարդակով: Վերջինի արդյունքների հիման վրա էլ լավագույնները հնարավորություն կստանան մասնակցել միջազգային մակարդակով անցկացվող մրցույթին:
 
Դպրոցականների շրջանում «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթի» ազգային փուլ իրականացվում է տարեկան ավելի քան 75 երկրում: Մրցույթի այս փուլին մասնակցում է շուրջ 7 միլիոն աշակերտ:
 
Եզրափակիչ փուլին, որը սովորաբար անց է կացվում ԱՄՆ-ում, մասնակցում է լավագույն նախագծեր ներկայացրած շուրջ 1700 դպրոցական: Մրցանակային ֆոնդը կազմում է 4 միլիոն ԱՄՆ դոլար, որի մեջ ներառված են 75 հազար ԱՄՆ դոլարի չափով (մեկ) և 50 հազար ԱՄՆ դոլարի չափով (երկու) կրթաթոշակներ:
 
Հայաստանը, որը երբեք ներկայացված չի եղել «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթին», Dasaran-ի և ANSIC-ի նախաձեռնությամբ ու ակտիվ միջնորդությամբ հնարավորություն կունենա համալրել մրցույթի մասնակից երկրների շարքը:
 
Այցի ընթացքում նախատեսվում է նաև ձեռք բերել պայմանավորվածություն, ըստ որի՝ մրցույթի անցկացման գործում հմտացած ամերիկյան մասնագետների խումբը կհրավիրվի Հայաստան ուսուցիչների, հայաստանյան մրցույթի ժյուրիի անդամների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու, ինչպես նաև նախագծահեն կրթության առավելությունների վերաբերյալ իրենց փորձը ներկայացնելու նպատակով:
 
Նկարները՝ Intel ISEF

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: