Նորություններ

«Պատմություն և հայոց եկեղեցու պատմություն» առարկաների առարկայական շաբաթ

Կրթական 2016-04-26

2016թ. ապրիլի 18-22-ը կայացավ հումանիտար մասնախմբի «Պատմություն և հայոց եկեղեցու պատմություն» առարկաների առարկայական շաբաթը: Շաբաթվա կապակցությամբ մեթոդմիավորման անդամները 2-րդ մասնաշենքի առաջին հարկը ձևավորել էին շաբաթվան նվիրված միջոցառումներին և հայ իրականության արդի ժամանակաշրջանին համապատասխան: Պատին տեղադրված վահանակներից յուրաքանչյուրը Հայոց աշխարհի, հայկական ոգու արտացոլումն էր: Ապրիլի 18-ի առավոտյան հումանիտար մասնախմբի նախագահը ռադիոհաղորդում կարդաց: Նա ներկայացրեց շաբաթվա ընթացքում իրենց անելիքները, հետո անդրադարձավ մասնաշենքի 1-ին հարկում ներկայացված խորհրդանիշերին, որոնք մեկ անգամ ևս փաստում են, որ մենք՝ հայերս, քրիստոնյա ժողովուրդ ենք, ունենք մեր գիրը, գրականությունը, պատմությունը, արվեստը: Բայց ամենակարևորն այն է, որ ունենք հայրենասեր ու հզոր ժողովուրդ, որը խաղաղ պայմաններում աշխարհի որ ծայրում էլ լինի, իր երկրի համար օրհասական պահերին հայտնվում է իր հայրենիքում` Հայաստան աշխարհում, որ պահի, պահպանի իր երկրի սահմանները, որ կանգնի 18 տարեկան իր զավակների կողքին ու թշնամուն դուրս շպրտի սահմանը խախտելիս: Այդ հայրենասերների մեծ ու հզոր բանակի ակտիվ ներկայացուցիչն է Վանաձորի № 4 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Վաղարշակ Անդրեասյանը: Ապրիլի 2-ին ադրբեջանական բանակի սկսած հարձակման 1-ին օրերից ընկեր Անդրեասյանը կամավոր գտնվում է Ղարաբաղում ու մյուս բոլոր հերոս տղաների հետ պաշտպանում է մեզնից յուրաքանչյուրին: Ուրեմն փա´ռք բոլոր այդ մարտիկներին: Ցավոք մեր պաշտպաններից մի մասը հերոսաբար զոհվել է այս ծանր օրերին: Նրանք իրենց կյանքը չեն խնայել հայրենիքը պաշտպանելու համար: Փառք ու պատիվ նրանց: Լռության րոպե հայտարարվեց Հայոց աշխարհի ու հայ ժողովրդի համար զոհված բոլոր հերոսների հիշատակը հարգելու համար: Նույն օրը պատմության ուսուցչուհի Էմմա Անտոնյանը «Առաջավոր փորձի դաս» ներկայացրեց 8 Բ դասարանում: Դասը նվիրված էր հայկական մշակույթին 19-րդ դարի 2-րդ կեսին: Երեխաները ներկայացրին կրթությունը, գիտությունը, մշակույթը, թատրոնը, երաժշտությունը, կերպարվեստն ու ճարտարապետությունը: Ապրիլի 19-ին 6 Գ դասարանի հետ համակարգչային դասասենյակում Էմմա Անտոնյանը «Բաց դաս» անցկացրեց` նվիրված Արշակունյաց արքայատոհմի հիմնադրմանը: Դասը հետաքրքիր էր և ուսանելի: Ապրիլի 20-ին 7 Ա դասարանում Է. Անտոնյանը բաց դաս անցկացրեց «Կիլիկյան հայկական պետություն» վերնագրով: Նրանք ներկայացրին 3 արքայատոհմի կառավարման շրջանները: Խոսեցին հայկական բնակչության արտագաղթի մասին: Նրանք երգ երգեցին Կիլիկիայի մասին, ցուցադրեցին ներկայացում: Ապրիլի 21-ին 7 Բ դասարանում հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Հերմինե Պոդոնյանը «Առաջավոր փորձի դաս» անցկացրեց «Հայոց եկեղեցու տոները» վերնագրով: Դասին հրավիրված էր Գուգարաց թեմի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու տեր Վահան քահանա Ազարյանը: Դասն սկսվեց աղոթքով: Տեսագրությամբ ներկայացվեցին Հայաստանի եկեղեցիները: Դասի ընթացքում երեխաները խոսեցին Տերունական տոների, Հիսուս Քրիստոսի ծննդյան, Ճրագալույցի, Տնօրհնեքի մասին: Դասը հետաքրքիր էր, հագեցած շարականներով, տեսանյութերով և շնորհանդեսով: Երեխաների խոսքը գեղեցիկ էր, արտահայտիչ և ճիշտ: Տեր Վահանը դասը եզրափակեց իր խոսքով, որը դաստիարակչական մեծ խորհուրդ ուներ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: