Նորություններ

ԵՄՀ-ն կմշակի մեթոդական նոր ձևաչափ աշակերտների համար

Կրթական 2016-04-20

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ «Կիլիկյան Հայաստանի դերը հայկական պետականության կայացման գործում» թեմայով աշակերտական գիտաժողով:
Գիտաժողովին ներկա էին ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Շիրակ Թորոսյանը, ԵՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գևորգյանը և ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հասարակագիտական առարկաների և լեզուների ամբիոնի ցիկլի պետ Արշակ Առաքելյանը:
 
Գիտաժողովին հայաստանյան հանրակրթական դպրոցներից ներկայացվել էր մոտ յոթ տասնյակ հոդված, դրանցից ընտրվել էր շուրջ 30-ը, որոնք էլ ներկայացվեցին գիտաժողովին: Լավագույն 20 գիտական զեկուցումները կհրատարակվեն:
 
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը կարևորեց գիտաժողովի դերը, մատնանշելով այն փաստը, որ նմանատիպ միջոցառումներն աշակերտների շրջանում զարգացնում են վերլուծական, հետազոտական-նախագծային հմտությունները:
 
«Գիտաժողովը ստացվեց, քանի որ ընտրված էր հոգեհարազատ թեմա, որն իր մեջ ներառում էր հայրենասիրություն, նվիրվածություն: Աշակերտների մոտ նկատեցի բացառիկ մոտիվացվածություն»,-նշեց Սուրեն Օհանյանը:
 
ԵՄՀ-ն ստեղծել է խմբագրական խորհուրդ, որն աշակերտների համար կմշակի և կկազմի գիտական հոդված գրելու մեթոդական ձևաչափ, այն կներառի բովանդակային և կառուցվածքային բաղադրիչները: Գիտական հոդված գրելիս ուղեցույցն աշակերտների համար կդառնա օգտակար գործիք:
 
Ցանցային ուսուցման միջոցով էլ աշակերտներն այսուհետ համալսարանից պարբերաբար կստանան իրենց հարցերի պատասխանները և հնարավորություն կունենան նախապատրաստվելու հաջորդ գիտաժողովին: Նպատակն է աշակերտներին գիտական համակարգի մի մասը դարձնել, նրանց մշտապես պահել հետազոտական դաշտում:
 
«Հյուրընկալելով տարիքային այս խմբի երեխաներին` ԵՄՀ թիմը մանկավարժորեն և ջերմությամբ ստեղծեց մի միջավայր, որտեղ աշակերտները չհուզվեցին, գեղեցիկ մատուցեցին իրենց պատրաստած նյութերը:
 
Աշակերտները յուրօրինակ ոգևորությամբ հանդես եկան, որովհետև ցուցաբերում էին հատուկ վերաբերմունք գիտական-հետազոտական աշխատանքի նկատմամբ»,-շեշտեց Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը:
 
Գիտաժողովն անցկացվեց Երևանի քաղաքապետարանի աշխատազմի հանրակրթության վարչության աջակցությամբ:
 
Նյութը տրամադրել է Եվրասիա միջազգային համալսարանը

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: