Նորություններ

Բայց դու կաս, ողջերից էլ ողջ մեզ համար…

Ուշագրավ 2016-04-19

Օրերս Dasaran-ի աշխատակիցներն ստացան հետևյալ բովանդակությամբ նամակ-խնդրանք՝ «Ես և բոլոր Dasaran-ցիները մի խնդրանք ունենք: Մենք ցանկանում ենք, որ դուք մի նյութ տեղադրեք ձեր կայքում՝ նվիրված Dasaran-ի ակտիվ օգտատեր, ձեր կազմակերպած գրեթե բոլոր մրցույթների մասնակից, հայրենիքի համար կյանքը զոհած Ազատ Սիմոնյանի հիշատակին: Հուսով ենք, որ մեծ սիրով կկատարեք մեր բոլորի խնդրանքը: Հարգանքով՝ Dasaran-ցի Լիանա Հովհաննիսյան»
 
Dasaran-ի թիմը, տպավորված աշակերտների այսպիսի համախմբվածությամբ, խորապես հուզված ստացած նյութից և կորստի ցավից, ընդառաջում է աշակերտներին և ի կատար ածում նրանց ցանկությունը: 
 
Ստորև տեղադրված է Հայաստանի տարբեր դպրոցներ ներկայացնող, սակայն նույն գաղափարի շուրջ համախմբված երիտասարդների նյութը:
 
Հերոս Ազատ Սիմոնյանի հիշատակին…
 
 
                         Բայց դու կաս, ողջերից էլ ողջ մեզ համար…
 
Ապրիլի 1-ին Արցախի սահմանի ողջ երկայնքով սկսվեցին ռազմական լայնածավալ գործողություններ: Սկսվեց պատերազմը, որը երբեք չէր էլ ավարտվել, պատերազմ, որ խլեց այնքա՜ն կյանքեր, որ որբ թողեց փոքրիկ ու անմեղ երեխաների, սգավոր դարձրեց այնքա՜ն մայրերի:
 
Քառօրյա պատերազմում 90-ից ավելի զոհ, նրանց թվում՝ երեք տասնյակից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ արծիվ տղերք: Չափազանց մեծ էր կորուստը մեր փոքրիկ ազգի համար:
 
Ազատ, Քյարամ, Արմենակ, Ադամ, Գոռ, Հովսեփ... Այո՛, իսկապես, ցավով ենք հիշում շատ հերոսների անուններ: Եվ նրանցից մեկն Ազատն էր, մեր Ազատը, մեր ազնիվ, արծիվ Ազատը: Նրա հոգին նույնպես կատարեց իր թռիչքը և, զոհվելով հանուն հայրենիքի, անմահացավ:
 
Ազատն անմահացավ մեր մեջ, բոլորիս մեջ: Նա օժտված էր անսահման հայրենասիրությամբ: Գիտեր հավատալ: Ու հենց այդ հավատից էր սնունդ առնում իր հոգին, որ չէր երկնչում ո՛չ ոտնձգությունից, ո՛չ դավերից: Այդ հավատն էր, որ թեկուզ վիրավոր, բայց մարտի էր տանում նրան, մի վերջին մարտի դեռ նոր սկսվող կյանքի պայքարում…
 
Ազատ Սիմոնյանը 19 տարեկան էր: Ազատն ընտանիքի միակ արու զավակն էր, ունի 2 քույր, որոնցից մեկն ամուսնացած է, մյուսը՝ դպրոցում է սովորում: Ընկերներն Ազատին մտերմաբար Ազա էին կոչել:
 
Հարևանները հիշում էին, որ Ազատը միշտ պատրաստ է եղել օգնել: Ըստ նրանց՝ Ազատը ծրագրավորող էր ցանկանում դառնալ: Գյուղում ում համակարգիչը խնդիր էր ունենում դիմում էին Ազատին: «Էդ երեխուց մի անգամ վատ բան չենք տեսել»,-հիշում են հարևանները:
 
Ազատ Սիմոնյանը ծնվել է 1996թ. դեկտեմբերի 4-ին Աբովյանի շրջանի Կամարիս գյուղում: 2003թ. հաճախել է տեղի հիմնական դպրոց, սովորել և ավարտել այն: 2014թ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Կես կիսամյակ սովորելուց հետո՝ 2015թ. հունվարի 14-ին, զորակոչվել է բանակ:
 
2016թ. ապրիլ ամսին տեղի ունեցած պատերազմի ժամանակ նա 2 փամփուշտից վնասվածք է ստացել մարմնի տարբեր հատվածներում և արկի բեկորների խոցում, 3-րդ փամփուշտը ճակատագրական է եղել: Ազատ Սիմոնյանին հողին են հանձնել հայրենի գյուղում ապրիլի 12-ին: Հերոսը հետմահու պատգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
 
Ազա՛տ, մեր հին ու լավ ընկեր, անցել են օրեր մեզ լքելուցդ հետո, բայց մինչ օրս չենք սթափվում, հաշտվում ու հավատում, որ քեզ այլևս չենք տեսնելու… Բայց դու կաս, ողջերից էլ ողջ մեզ համար…
 
«Ազատին ճանաչում էի վաղուց: Բարի, ընկերասեր, ժպտերես ու աջակցող պատանի էր: Հիշում եմ մեր կարճ, բայց ջերմ զրույցները: Կարծես ավագ եղբայրս լիներ: Հիշում եմ նաև, թե ինչպես էր մրցույթի ժամանակ` և՛մրցակից էր, և՛ օգնական էր մեզ՝ ընկերների համար: Աջակցում էր յուրաքանչյուրին:
 
Հպարտ եմ և ուրախ, որ ճանաչել եմ քեզ, քո մարդ տեսակը, ընկե՛րս: Հավատում եմ, որ ինչ-որ ժամանակ անց մենք կրկին հավաքվելու ենք մեկ վայրում: Մեր ընկերը մեզ բոլորիս համար արեց սա… Աստծո լույսի մեջ պարուրվիր, Հերո՛ս ընկեր, և սպասիր. մենք հանդիպելու ենք կրկին»:
 
«Տարի ու կես առաջ էր… Dasaran-ում տարբեր մրցույթների էինք մասնակցում ու իրար օգնում ցանկացած հարցում: Հիշում եմ`օրեր էին լինում, որ մինչև ինձ առաջին հորիզոնական բարձրացրած չլիներ, չէր քնում: Կարճ ժամանակ, բայց այդքանն էլ բավական էր, որ լավ ճանաչեինք միմյանց…»:
 
-Ի՞նչ է պատահել, Ազա՛տ,-հարցրի նրան:
Ձայն չկար…Ազատը փայտի կտորտանքներն էր գցում կրակի վրա:
-Ազա´տ, Ազա´տ, ինչ է, չե՞ս լսում ինձ:
-Կներես, ուղղակի մտքերով էի,-հազիվ լսելի ձայնով պատասխանեց Ազատը:
-Մտքերո՞վ… իսկ ի՞նչ է պատահել, խոսե՞լ ես տանեցիների հետ:
-Հա´, խոսել եմ, ուղղակի մամայի ձայնը մի փոքր անհանգիստ էր… տպավորութուն էր, որ վերջին անգամ էի լսում մորս քաղցր ձայնը…
 
Նյութի և նամակ-խնդրանքի համահեղինակներ՝
 
Անի Ավետիսյան
Լիանա Հովհաննիսյան
Գոհար Արզումանյան
Վալտեր Բերբերյան
Հայկ Քալանթարյան

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: