Նորություններ

Dasaran-ը պարգևատրեց 42 դպրոցի

Ուշագրավ 2016-04-11

Ս.թ. ապրիլի 11-ին ք. Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցում տեղի ունեցավ Dasaran կրթական ծրագրի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության համատեղ հայտարարած «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-2016» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման ընթացքում հայտնի դարձան լավագույն աշխատանքները ներկայացրած դպրոցների անունները, ինչպես նաև ներկայացվեցին Dasaran-ի յոթնամյա գործունեության ձեռքբերումները և ապագա նախագծերը, մասնավորապես՝ միջազգային կառույցների հետ համագործակցության ու Սփյուռքի հայկական կրթօջախների՝ Dasaran կրթական ծրագրի ընդհանուր հարթակին միանալու հեռանկարները:
 
Մրցույթի ամփոփման հանդիսավոր արարողության պատվավոր հյուրերն էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը, դպրոցների տնօրեններ և այլք:
 
Հայաստանի և Արցախի ավելի քան 1495 դպրոց միավորած և 943,048 օգտատեր ունեցող Dasaran կրթական ծրագրի «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում» մրցույթը հասցրել է դառնալ բարի ավանդույթ, առաջացնել մեծ հետաքրքրություն և սիրվել թե´ աշակերտների, թե´ նրանց ծնողների, թե´ ուսուցիչների շրջանում: Մրցույթն այս տարի նույնպես չէր զիջում առաջացրած հետաքրքրությամբ և մասնակցության ակտիվությամբ, միջդպրոցական առողջ մրցակցությամբ:
 
Այսպես՝ մրցույթին մասնակցել էր ավելի քան 500 դպրոց` ներկայացնելով դպրոցի արտաքին և ներքին ձևավորման յուրօրինակ աշխատանքներ: Ձևավորման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել էին աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից բաղկացած դպրոցական խմբեր, որոնք լուսանկարել էին իրենց աշխատանքներն ու տեղադրել լուսանկարները Dasaran.am կայքում:
 
Ըստ որում՝ աշխատանքների գնահատման և արդյունքների ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել էր խմբային աշխատանքը, ինչպես նաև աշակերտների յուրօրինակ մտահաղացմամբ ստեղծված ձեռքի աշխատանքները: Այս տարի մրցանակաբաշխությանն ընդհանուր առմամբ 42 դպրոց արժանացավ զանազան մրցանակների, այդ թվում՝ համակարգիչների, պատվոգրերի և խրախուսական պարգևների:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: