Նորություններ

«Վարդան Այգեկցու առակները»

Կրթական 2016-02-17

Աշխուժություն էր Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում: Աշակերտները դասղեկ Վ. Բաղդասարյանի գլխավորությամբ կազմակերպել էին հրաշալի դաս-միջոցառում «Վարդան Այգեկցին և նրա առակները» խորագրով: Միջոցառումը համակարգչային դասասենյակում էր: Այն վերածվել էր մի յուրօրինակ թատերաբեմի: Գրատախտակին փակցված էին Վարդան Այգեկցու՝ աշակերտների ձեռքով շատ գեղեցիկ արված մատիտանկար դիմանկարը, մեջբերումներ նրա ասույթներից, խրատներից, առակներից: Դասասենյակում բնության գողտրիկ մի անկյուն էր ստեղծված՝ առակներին համահունչ՝ խելացի, հնարամիտ հովվի անկյունը, քիչ այն կողմ պատրաստված էր արդարադատ ու անաչառ թագավորի գահը : Աշակերտները հանգամանալից ու մանրամասն ներկայացրին առակը՝ որպես հնագույն ժանր, հիշեցին աշխարհի հայտնի առակագիրներին: Առակաց բանքս է հրաշալի, Երգողն է սուրբ և պանծալի Րաբունեաց րաբուն բարի, Որոյ Վարդան վերա կոչի: Իր իսկ խոսքերով ներկայացրին Վ. Այգեկցուն՝ մի վանականի, ով հեղինակել է բազմաթիվ առակախառն քարոզներ և ում անունով կոչել են միջնադարյան հայ առակների և մանրավեպերի ձեռագիր ժողովածուները՝ մերթ անվանվելով «Վարդան Այգեցի վարդապետի ասացեալ» և մերթ՝ «Վարդանագիրք», իսկ 1668 թվից ՝ «Աղուէսագիրք»; Հետաքրքիր և ուշագրավ տեղեկություններ ներկայացրին Վ. Այգեկցու կյանքի, գործունեության, ծննդյան թվականի, ծննդավայրի, Այգեկ վանքի մասին: Ի լրումն այդ ամենի՝ ցուցադրվում էին համապատասխան նկարներ, փաստեր: Աշակերտները սահուն և անկաշկանդ ներկայացնում էին առակները, անում մեկնաբանություններ: Առավել կարևորված էին այն առակները, որոնց գործող անձիք մարդիկ էին՝ իրենց ծաղրվող թերություններով, դրվատվող առաքինություններով: Հատկապես տպավորիչ էին «Եզը և ձին», «Եկեղեցի և ջրաղաց», «Այրի կին և խորթ որդի», «Իշխան և այրի կին», «Կաշառակեր դատավորն ու բղուղով յուղը», «Ամենագետ մարդը», «Իմաստուն զինվորը», «Մի կաթիլ մեղր» և այլն: Միջոցառումն ավարտվեց Վ. Այգեկցու խրատներով և «Գինի» առակի բեմադրությամբ: Աշակերտ-թագավորը, գինի մատուցելով բոլոր ունկնդիրներին, պատգամեց, որ այսուհետև այգի տնկեն, խաղող աճեցնեն, հնձան կառուցեն, գինի ըմպեն, բայց այնպես ըմպեն, որ առյուծ սպանեն և ոչ թե աղբանոցում մեռնեն: Միջոցառումն ամփոփեց ուսուցչուհին՝ հիշեցնելով Վ. Այգեկցու թևավոր խոսքերից. «Անպետք կայծաքարը և աննշան երկաթը պարգևում են հուր՝ ի սպաս մարդկային կյանքի»: Այգեկցին ուզում էր, որ մարդը լինի բարի, գթառատ, արդար, իսկապես մարդ լինի: Ուսուցչուհին պատգամեց հիշել և կարևորել դա կյանքում: Համակարգչային ձևավորմանը աջակցել էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Գ. Գալստյանը:

Արարատ, գ. Վ.Արտաշատի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: