Նորություններ

Արթուր Ալեքսանյան. անդրադարձ նվաճած հաղթանակին

Սպորտ 2015-09-19

«Շատ ուրախ եմ և հպարտ, որ երկրորդ տարին անընդմեջ դարձա աշխարհի չեմպիոն: Շատ բարդ էր: Ավելի բարդ էր տիտղոսը պաշտպանելը, քան տիտղոսը նվաճելը: Ես այս մրցումներում հասկացա, որ այժմ ֆիզիկապես և ֆունկցիոնալ ավելի պատրաստ եմ, քան նախորդ աշխարհի առաջնությանը:

Դա, մասնավորապես, հասկացա իրանցի մարզիկի հետ եզրափակիչ գոտեմարտիս ընթացքում: Հասկացա, որ այս տարիների ընթացքում մենք ճիշտ աշխատանք ենք իրականացրել մարզիչներիս հետ: Ամեն ինչ կանեմ, որ նույն մարզավիճակում մնամ, վնասվածք չստանամ մինչև Օլիմպիական խաղերը: Ես փորձելու եմ ամեն գնով նվաճել նաև օլիմպիական ոսկին:

Իմ մտքով երբեք չի անցել Հայաստանից դուրս հանդես գալ: Միշտ ներկայացրել եմ Հայաստանը և կշարունակեմ ներկայացնել այն: Ճիշտ է, շատ հրավերներ կան, բայց ինձ այդ հրավերները չեն հետաքրքրում: Մենք ունենք աշխարհի ամենալավ մարզիչները, որոնց մասին կարելի է միայն երազել: Եվ մեր մարզիչների շնորհիվ կարող ենք Հայաստանի անունը բարձր պահել մեծ սպորտում»,-ասել է Արթուր Ալեքսանյանը:
 
Նկատենք, որ աշխարհի առաջնությունում հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանի հավաքականները բավարարվել են մեկ մեդալով, որը նվաճել էր 23-ամյա Արթուր Ալեքսանյանը: Հունահռոմեականների մրցաշարում գյումրեցի ըմբիշն ամենաուժեղն էր 98 կգ քաշային կարգում, որում պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: