Նորություններ

Արոնյանն իր հաղթանակի և Բաքու մեկնելու մասին

Սպորտ 2015-09-03

Անդրադառնալով իր հաղթանակին և Բաքվում կայանալիք խաղերին մասնակցելուն՝ Լևոն Արոնյանը նշել է.«Այս տարի սա իմ լավագույն նվաճումն էր: Սովորաբար ամեն տարի հաղթում եմ մեկ սուպերմրցաշարում: Նախորդ հաղթանակս Վեյկ Ան Զեեում էր 2014-ին: Այնպես որ այս տարվա ծրագիրն իրականացված է: Եկել է ավելիի մասին մտածելու ժամանակը:
Իհարկե, այսքան անհաջողություններից հետո պետք է ինքս ինձ ապացուցեի, որ դեռ ի զորու եմ ինչ-որ բանի: Իմ հոգեբանն իմ ընկերուհի Արիանեն է, իսկ շախմատային հարցերում ինձ օգնում է միջազգային վարպետ Աշոտ Նադարյանը: Վերջին շրջանում մենք բավական շատ ենք աշխատել միասին: Արդյունքները միանգամից չեկան, սակայն այժմ վերջապես ինչ-որ բան սկսվեց նշմարվել:
 
Մեկ շաբաթից մեկնելու եմ Բաքու, իսկ աշխարհի գավաթի խաղարկությունից հետո կմասնակցեմ Բեռլինում կայանալիք արագ շախմատի աշխարհի առաջնությանը: Ցավոք, մեզ՝ շախմատիստներիս համար բարդ է երկրներին օգնել կոնֆլիկտը հարթելու գործում:
 
Սակայն երաժիշտներն ու այլ ստեղծագործող մարդիկ գնում են Ադրբեջան որպես խաղաղության դեսպաններ, և ես ևս կհետևեմ նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարևան երկիրը, ցուցադրել իմ լավագույն խաղը և հաճույք պարգևել երկրպագուներին»,-ասել է Արոնյանը:
 
Նկատենք, որ սեպտեմբերի 10-ին Բաքվում մեկնարկելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: ԱՄՆ-ի ներկայացուցիչների թվում են Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: