Նորություններ

Մայր բուհը դիմավորեց առաջին կուրսեցիներին

Կրթական 2015-09-02

Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս տարի ԵՊՀ-ն մեծ ջերմությամբ ընդունեց նորեկներին: Մայր բուհի 19 ֆակուլտետում 1-ին կուրսի ուսանողներին դիմավորել են, բացատրել համալսարանի կարգ ու կանոնը, ծանոթացրել համապատասխան ամբիոններին, տրամադրվող կրթական ծրագրերին և ուսանողական կառույցների գործունեությանը:
Ավանդույթի համաձայն՝ Մայր բուհ էին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների առաջին դասը վարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
 
ԵՊՀ պատմության ֆակուլտետի առաջին կուրսեցիներին ողջունեցին և շնորհավորեցին դեկան Էդիկ Մինասյանն ու ամբիոնի վարիչները, ապա ՀՀ վերահսկիչ պալատի ու Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով նույնպես եղել է Պատմության ֆակուլտետի շրջանավարտ:
 
Սեպտեմբերմեկյան մթնոլորտ էր նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ապագա լրագրողներին ֆակուլտետի ուսանողական խորհրդի ներկայացուցիչները դիմավորեցին մշակութային ինքնատիպ իմպրովիզներով, նախորդ ուստարվա հիշողություններով և այլն:
 
Ուսանողական տոնին տարբերվելու առիթը բաց չէր թողել նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները: Վաղ առավոտից մի շարք ապագա սոցիոլոգներ հագել էին միագույն վերնաշապիկներ ու շփոթված նորեկներին ուղեկցում էին համապատասխան լսարաններ՝ մասնակից դարձնելով տոնական միջոցառումներին, որոնց հեղինակները նույնպես ֆակուլտետի ուսանողական խորհրդի ներկայացուցիչներն էին:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: