Նորություններ

Սկսվում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը

Ուշագրավ 2015-06-03

Առաջին անգամ ստեղծվում է հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից: Իրականացվող ծրագրերից առաջինը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծն է:
Հիմնադրամից տեղեկացնում են, որ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակում վերածնել, վերաձայնագրել հայկական ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ պահպանելով ու փոխանցելով այն սերունդներին:
 
Նախագծի խնդիրների և նպատակների շրջանակներում իրականացվել է մասնագետների կողմից նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերվող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրատարակում:
 
Ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկի մեջ ընդգրկված են Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակում համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կհրատարակվեն հայ հոգևոր երաժշտական մատյանները (Շարակնոցը, Ժամագիրքը): Ընդհանուր առմամբ, 600-ից ավելի երաժշտական նմուշներ հասանելի կդառնան հանրությանը:
 
«Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրն իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ:
 
Աղբյուրը՝  NEWS.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: