Նորություններ

Հայկական մշակութային շաբաթ Հռոմում

Ուշագրավ 2015-03-25

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմում անցկացվում է «Հայաստան. ինքնություն և հիշողություն» խորագրով հայկական մշակութային շաբաթը: Այն կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Սոցիոլոգիայի ու կրոնի իտալական ասոցիացիայի և Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Հայկական շաբաթի առաջին օրվա նիստում ելույթներով հանդես են եկել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի տնօրեն Մասսիմո Պիստակին, Սոցիոլոգիայի իտալական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիա Իմմակոլատա Մաչիոտին և այլք:
 
Երկրորդ նիստը նվիրված էր հայ ժողովրդի վրա Հայոց ցեղասպանության թողած ազդեցության խնդիրներին: Ելույթ են ունեցել հոգեվերլուծաբաններ Մանուելա Ֆրայրեն և Ջիովաննա Մարիա Մացոնչինին: 
 
Հայկական շաբաթվա ընթացքում նախատեսված են նաև հայ ժողովրդի պատմությանն ու քաղաքակրթությանը, մշակույթին, Հայոց ցեղասպանության մասին վկայություններին և հայ ժողովրդի ինքնության վրա Հայոց ցեղասպանության ազդեցությանը, Իտալիայում հայերի ներկայությանը, Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին նվիրված սեմինարներ ու գիտաժողովներ: 
 
Զուգահեռաբար անցկացվելու են Հայաստանին նվիրված «Կրոններ և հասարակություն» ամսագրի հատուկ համարի, Վազգեն Բերբերյանի «Անտարբեր երկնքի տակ», Մարիա Իմմակոլատա Մաչիոտիի «Հայաստան, հայեր. 100 տարի անց», Ֆուլվիո Կորտեզեի և Ֆրանչեսկո Բերտիի «Պրո-Արմենիա. հրեական ձայները Հայոց ցեղասպանության մասին», Հակոբ Մանուկյանի «Հայերն Իտալիայում», Սոնյա Օրֆալյանի «Ձիով քամիների մեջ. Հայաստանի հեքիաթները» գրքերի շնորհանդեսները:
 
Սեմինարներն ու գիտաժողովները, ինչպես նաև գրքերի շնորհանդեսները տեղի են ունենալու Հռոմի հեղինակավոր «Վիտտորիանո» թանգարանային համալիրում, «Mattei Di Giove» պալատում և Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում: 
 
Երեկոյան ժամերին Հռոմի կենտրոնական «Տրևի» կինոթատրոնում ցուցադրվելու են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Ֆաթիհ Ակինի «Սպի», Տավիանիների «Արտույտների ագարակը», Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերը և Տոնինո Գուերային նվիրված «Հրաշագործի աշունը» վավերագրական ֆիլմը:
 
Աղբյուրը՝ www.mfa.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: