Նորություններ

Միջազգայնացումը՝ ՀՀ կրթական ոլորտի առաջնահերթություն

Կրթական 2015-03-12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Հայաստանում կրթության միջազգայնացման գործընթացին նվիրված “Connecting Globally” համաժողովին, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը:
Բացման խոսքում նախարարն ընդգծել է, որ միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. «Կրթական համակարգի հիմքում ի սկզբանե դրել ենք երեք կարևոր գործոն` առաջին՝ ազգային դպրոց և ազգային կրթակարգ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի կրթագիտական ավանդույթների պահպանում և ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի կառուցում, կրթության միջազգայնացում, որի բացակայությամբ հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից և մրցունակ կրթական համակարգ:
 
Միջազգայնացման շնորհիվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դարձել է եվրոպական կրթական տարածքի մաս»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ կրթական համակարգի միջազգայնացման  համատեքստում օտար լեզուների, հատկապես` անգլերենի ուսուցման զարգացումը կարևոր նշանակություն է ստանում: 
 
Նախարարի խոսքով անգլերենի միջազգային չափանիշներով իմացություն հավաստող թեստերի հաղթահարումը դարձել է    Հայաստանի կրթական համակարգի պարտադիր պահանջ: Ըստ նախարարի՝ ակնհայտ է, որ վերջին տարիներին հայ երիտասարդների մոտ օտար լեզուների, հատկապես՝ անգլերենի ուսուցումը առավելապես սովորողների անձնական նախաձեռնողականության շնորհիվ մեծ զարգացում է ապրել:  
 
Սակայն օտար լեզվի ուսուցման կատարելագործումը չի կարելի թողնել միայն սովորողների ու նրանց ծնողների նախասիրությունների վրա.« Մենք այդ բացը լրացնելու համար լայնորեն օգտվել և օգտվելու ենք միջազգային գործընկերների ընձեռած բոլոր հնարավորություններից, որոնք կբարձրացնեն դպրոցներում օտար լեզուների դասավանդման արդյունավետությունը»,- շեշտել է նախարարը:
 
 Ա. Աշոտյանը նաև տեղակացրել է, որ հաջորդ տարվանից ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ, բացի “TOEFEL”-ից, իբրև  անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ ընդունել նաև  Բրիտանական խորհրդի կողմից տրվող  “IElTS”-ի հավաստագիրը: Համաժողովին  ներկա են  եղել նաև  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, կրթության ոլորտի բազմաթիվ մասնագետներ ՀՀ բուհերից ու տարբեր դպրոցներից:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: