Նորություններ

«Հայաստան. տապանի ժողովուրդ»

Ուշագրավ 2015-03-11

Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում բացվել է «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև մայիսի 3-ը: Ցուցահանդեսի բացմանը նախորդել է Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի, Իտալիայի նախագահի մշակութային արժեքների պահպանման հարցերով խորհրդական պրոֆեսոր Լուի Գոդարի, Իտալիայում հայտնի հայազգի դերասան Պաոլո Քեսիսողլուի մամուլի ասուլիսը, որին ներկա էին հինգ տասնյակից ավելի իտալական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իտալիայում Հայաստանի դեսպանը խոսել է ցուցահանդեսի նշանակության ու անհրաժեշտության մասին, ապա անդրադարձել Իտալիայում հայկական համայնքների պատմությանը և Իտալիայի զարգացման գործում դրանց ներդրմանը: Պրոֆեսոր Լուի Գոդարը հայկական քաղաքակրթությունը դիտարկել է եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս, իսկ Հայոց ցեղասպանությունը բնութագրել որպես «մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը»։
 
Նա առանձնահատուկ ընդգծել է հայ ժողովրդի կամքի ու վերապրումի ուժը և նշել, որ գործած բռնություններին հայերը պատասխանել են իրենց հզոր մշակույթով` մեջբերելով հայ երկու կանանց կողմից ցեղասպանության օրերին «Մշո Ճառընտիր» մատյանի փրկության պատմությունը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը, համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիան։ 
 
Ողջույնի խոսքով հանդես են եկել Վիտտորիանո համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիան, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նախարարն իր ելույթում մշակույթը դիտարկել է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցման կարևորագույն ուժ և հավելել է. «Դարեր շարունակ Իտալիան ոգեշնչել է հայ արվեստագետներին ու մտավորականներին: Պետք է նշել, որ ոգեշնչումը փոխադարձ է: 
 
Դրա վկայությունն է Հռոմի հանրահայտ Վիտտորիանո թանգարանում այսօր բացվող «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը, որի հիմքում ընկած տապանի գաղափարը ոչ այլ ինչ է, քան փրկության ու վերածննդի խորհրդանիշ:  Քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի համար Բիբլիական  Արարատի  գագաթին ապաստանած, ջրհեղեղից փրկված տապանը հայ ժողովրդի համար կենսական խորհուրդ ունի և արդիական է բոլոր ժամանակներում: Այս առումով բնավ պատահական չէ այն, որ այս խորագրով ցուցահանդեսը բացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: 
 
Սա ձոն է ուղղված Եղեռնից փրկված ու վերածնված ժողովրդին ու նրա պատմությանը: Յուրօրինակ հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին: Ներկայացված ցուցանմուշների մեջ ամփոփված է նրանց կենդանի ոգին իբրև գոյության խորհուրդ, իբրև ապրողներին ուղղված հոգու կանչ, իբրև հիշեցում և զգուշացում»: ՀՀ մշակույթի նախարարը Հռոմ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինիի հետ։ 
 
Հանդիպման ընթացքում ամփոփելով 2014թ. ծրագրերի արդյունքները` երկու երկրների նախարարները կարևորվել են Ռիմինիի երաժշտական փառատոնին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությունը, Միլանի «Պալացցո Ռեալե» ցուցասրահում Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող Մարկ Շագալի «Զբոսանք» կտավի ցուցադրությունը, Վիտտորիանոյում 2014թ. բացված «Քրիստոնեություն՝ նոր հազարամյակի մարտահրավերների առջև» լուսանկարչական ցուցահանդեսը, Հայոց ցեղասպանության մասին պատմող թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի մասնակցությունը Վենետիկի միջազգային կինոփառատոնին և այլն: 
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: