Նորություններ

Որո՞նք են աշխարհի գունագեղ քաղաքները

Ուշագրավ 2013-04-11

Աշխարհի ամենագունագեղ քաղաքներից մեկը՝ Ռիոմագիորեն, գտնվում է Իտալիայի հայտնի Cinque Terre տեղանքում, որտեղից բացվում է հրաշագեղ տեսարան դեպի Լիգուրյան ծով: Գույնզգույն ավազաքարերից կառուցված շենքերը կարծես լանջերի մեջ թաքնված ծաղկաբույլ լինեն:

Դեռևս 17-րդ դարում Հոլանդիայի ճարտարապետության ոգով հիմնված Վիլեմսթադը նույնպես աչքի է ընկնում իր գույներով` հատկապես քաղաքի նավահանգիստը:

Բուենոս Այրեսի Լա Բոկա արվարձանը մայրաքաղաքի մշակութային ու ամենավառ շրջաններից է: Լա Բոկան ի սկզբանե բնակեցված է եղել իտալացի ներգաղթյալներով, այդ իսկ պատճառով այստեղ գերակշռում են եվրոպական ճարտարապետության տարրերը:
 
Վրոցլավը Լեհաստանի ամենահմայիչ քաղաքն է, որի գոթական ճարտարապետությունը հատկապես ներշնչող է: Վառ գույների և հիասքանչ կառույցների համադրությունը ընդգծում է քաղաքի գեղեցկությունը:
 
Դանիայի Նիհավն ջրանցքի հարակից տեղանքը նույնպես համարվում է ամենագունավոր ու գեղատեսիլ վայրերից մեկը: Այստեղի շենքերի գույներն այնքան բազմազան են, որ շատերը դրանք ասոցացնում են լեգո մանրախաղերի հետ:
 
Մեքսիկայի Գուանախուատո փոքրիկ քաղաքը իր հարուստ իսպանական գաղութային ճարտարապետությամբ նույնպես ընդգրկված է այս ցուցակում: Գույնզգույն քաղաքը տեղակայված է հանքավայրի մոտ և 1988 թ.-ին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
 
Պերուի ամենամեծ քաղաք Լիման իրենից ներկայացնում է ազգային և այլազգի մշակույթների խառնուրդ և հատկապես նշանավորվում է իր յուրահատուկ ճարտարապետական ոճերով: Իսպանական բարոկկոն, ֆրանսիական նեոկլասիցիզմը և նոր շինությունները դարձնում են քաղաքը գույների և արվեստի ներդաշնակ համադրություն:
 
Հնդկաստանի Ջոդպուր քաղաքը հայտնի է որպես «Կապույտ քաղաք»: Ասում են, որ սերունդներ առաջ այստեղի կաստաները ներկել են իրենց տները կապույտ գույնով՝ նման կերպ փորձելով առանձնանալ մյուս քաղաքացիներից: Իսկ որոշ ժամանակ անց հնդիկ քուրմերը նույնպես հետևեցին այս ավանդույթին և կապույտ գույնով ներկեցին իրենց տները: Արդյունքում այժմ  Ջոդպուր այցելողները հնարավորություն ունեն վայելելու այս հիասքանչ քաղաքի գույների դրական էներգիան:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: