Նորություններ

Անապատից հավաքված հայ որբերը

Ուշագրավ 2015-02-17

1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, պատմական փաստ է, որ պատճառ դարձավ հայերի եղեռնական կոտորածների, զանգվածային բռնագաղթի, հազարավոր հայ երեխաների որբացման և դավանափոխման: Այդ որբերից շատերը մահացան գաղթի ճամփաներին, սարսափելի քաղցից, մոլեգնող համաճարակներից:
Ահավասիկ լուսանկարում 1918 թվականին անապատներից հավաքված և Երուսաղեմ տարված հայ որբեր են: Ցնցոտիավոր, բոկոտն և ճաղատ գլուխներով այս երեխաները տարբեր տարիքային խմբերի էին: Նրանց մեծ մասը հայերեն չէր խոսում և կորցրել էր իր ազգային ինքնությունը: Որոշ ժամանակ է պահանջվել նրանց վերստին դեպի հայություն դարձի բերելու համար: 
 
1918թ. աշնանը՝ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, հայ որբերին անխուսափելի կորստից փրկելու համար գործուն աշխատանքներ իրականացրին հայկական միությունները, հայոց եկեղեցին, անհատները, հատկապես՝ Հայկական լեգեոնի և հայկական կամավորական գնդերի զինվորականները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները (Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե, Լոնդոնի քաղաքագլխի հիմնադրամ և այլն), ինչպես նաև միջազգային կազմակերպությունները («Կարմիր խաչ», Ազգերի լիգա): 
 
Հայ որբերին հավաքագրում էին Օսմանյան կայսրության տարբեր հատվածներից, սիրիական անապատներից, ազատագրում մուսուլմանական ընտանիքներից և թուրքական պետական որբանոցներից: Որբահավաք աշխատանքների շնորհիվ 1918-21 թվականներին հավաքագրվեց ավելի քան 77.000 հայ երեխա, որոնք տեղաբաշխվեցին Թուրքիայի, Կովկասի, Մերձավոր Արևելքի հայկական և օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական որբանոցներում: 
 
Լուսանկարի սկզբնաղբյուրը՝ Նուբարյան գրադարանի հավաքածու, Փարիզ
«100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» գրքից
 
Աղբյուրը՝ www.genocide-museum.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: