Նորություններ

Երևանի հեծանվահրապարակը համալրվել է 60 պրոֆեսիոնալ հեծանիվներով

Ուշագրավ 2013-04-04

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի հեծանվահրապարակ կատարած նախորդ աշխատանքային շրջայցի ժամանակ, ծանոթանալով մարզաձևի զարգացման ու խթանման համար մասնագետների կողմից առաջադրվող առաջնահերթություններին, խոստացել էր մայրաքաղաքի զարգացման 2013 թվականի ծրագրում ներառել նաև հեծանվահրապարակը պրոֆեսիոնալ նոր հեծանիվներով համալրելու հարցը:

Ապրիլի 3-ին, հերթական շրջայցի շրջանակում, խոստման համաձայն, արդեն ձեռքբերված 60 նոր հեծանիվները քաղաքապետն անձամբ է հանձնել պատանի մարզիկներին:

Կարևորելով մարզադպրոցի դերը մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է աջակցել մարզակառույցին. «Համոզված եղեք, որ յուրաքանչյուր տարի քաղաքապետարանն աջակցելու է հեծանվահարապարակին նոր հեծանիվներ ձեռք բերելու հարցում: Մեր նպատակն է զարգացնել ինչպես հեծանվասպորտը, այնպես էլ այն ծառայեցնել, որպես տրանսպորտի միջոց: Մենք նաև փորձելու ենք մայրաքաղաքում ստեղծել հեծանվականգառներ ու հեծանվուղիներ, որպեսզի մայրաքաղաքում հարմարավետ պայմաններ ապահովվեն նաև մեր այն քաղաքացիների համար, ովքեր նախընտրում են քաղաքում շրջել հեծանիվներով: Այս մշակույթը ևս մենք պետք է զարգացնենք Երևանում»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով խնդրին արագ լուծում տալու համար` պատասխանատուները նշել են, որ 90-ական թվականներից սկսած հեծանվահրապարակը չէր համալրվել նոր գույքով, ինչը խնդիրներ էր առաջացնում ինչպես մեծ թվով մարզվողներ ընդունելու, այնպես էլ լիարժեք մրցումներ կազմակերպելու համար:

Երեխաների խնդրանքով` քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է փորձարկել նոր հեծանիվների հնարավորությունները:

Աղբյուր՝ www.armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: