Նորություններ

Կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը

Կրթական 2014-12-11

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Ա. Աշոտյանն անդրադարձել է կրթության բնագավառում հայ-իրանական առկա համագործակցությանը և զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ կրթամշակութային երկխոսությունը միջպետական հարաբերությունների կարևոր հարթականերից մեկն է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում սովորող իրանցի ուսանողների և ասպիրանտների խնդիրներին, որոնք հիմնականում առնչվել են վերջիններիս կրթության կազմակերպմանը:
 
Նախարարը պատրաստակամություն է հայտնել առանձին հանդիպում ունենալ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց հուզող խնդիրներին անձամբ ծանոթանալու և դրանց լուծում տալու նպատակով:
 
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի ավելի մեծ թվով իրանցի ուսանողներ գան Հայաստան` կրթություն ստանալու:
 
ՀՀ-ում Իրանի դեսպանն իր շնորհակալությունն  է հայտնել նախարարությունը` ընդգծելով, որ գերատեսչությունը միշտ ընդառաջում է իրանցի ուսանողների  և ասպիրանտների հետ կապված խնդիրների լուծմանը:
 
Ըստ դեսպանի`  իրանցի ուսանողները, վերադառնալով հայրենիք, իրենց հետ տանում են Հայաստանի հետ կապված ջերմ հուշեր: Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի հետագա իրականացմանը:
 
Նախարար Արմեն Աշոտյանը Իրանի կրթության և գիտության նախարարին հրավիրել է Երևան` մասնակցելու հաջորդ տարի կայանալիք նախարարական գագաթաժողովին, որին մասնակցելու են 47 եվրոպական երկրների նախարարներ` քննարկելու եվրոպական ընդհանուր կրթական տարածքի ապագան:
 
«Վերոնշյալ գագաթաժողովը տեղի է ունենում 2-3 տարին մեկ: Առաջին անգամ այն տեղի է ունենալու ոչ ԵՄ անդամ հանդիսացող երկրում: Հայաստանը եվրոպական բարձրագույն կրթության պատասխանատու երկիր է մինչև 2015 թվականի օգոստոս ամիսը:
 
Այդ կապակցությամբ Հայաստանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին` Երևանում կայանալիք գագաթաժողովին հրավիրել նաև Հայաստանի հարևան երկրների, այդ թվում` Իրանի գործընկերներին:
 
Ես լիազորված եմ եվրոպացի գործընկերների անունից Իրանի կրթության և գիտության նախարարին հրավիրել Հայաստան` մասնակցելու այդ միջոցառմանը»,-նշել է Ա. Աշոտյանը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ դպրոցներում պարսկերենի դասավանդմանն ուղղված մասնագիտական քննարկումներ կազմակերպելու հարցը, ինչպես նաև կրթության ոլորտում հայ-իրանական նոր հուշագրի ստորագրման հնարավորությունը:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: