Նորություններ

Գերմանիան և Իսրայելը՝ բուժզբոսաշրջության առաջատարներ

Ուշագրավ 2013-03-27

Գերմանիան ու Իսրայելը ճանաչվել և շարունակում են համարվել բժշկական զբոսաշրջության ամենապահանջված և կարևոր ուղղություններից երկուսը: Այս երկու երկրների բուժհաստատություններին դիմողների թիվը կայուն ավելանում է: Միայն 2010թ. համաշխարհային մասշտաբով բուժման նպատակներով արտասահման է մեկնել 40 մլն մարդ, 2011թ.՝ 43 մլն: Վերջին մի քանի տարիների ընթացքում առավել բարձր միտում է նկատվում նաև ԱՊՀ երկրներից մեկնողների թվում:

Ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում

Այսօր արդեն կան նման հաստատություններին դիմելու տարբեր ուղիներ: Արդեն մի քանի տարի է, ինչ բուժզբոսաշրջության ծառայությունները հասանելի են համացանցում, ինչն իր հերթին բարձրացրել է նման ծառայություններից օգտվելու և իրազեկվելու աստիճանը: 
 
Նախկինում նման բուժհաստատություններին մեծամասամբ դիմում էին տեղական կլինիկաների բժիշկների միջնորդությամբ, եվրոպական գները վախենալու աստիճան բարձր էին, իսկ այժմ գործում են բժշկական զբոսաշրջության գծով մասնագիտացած տուրգործակալություններ, համացանցային հարթակներ, որոնք առաջարկում են մուտքի արտոնագիր+բուժում+ավիատոմս+կլինիկա փաթեթներ փոքր-ինչ հասանելի գնային սանդղակով, ինչպես, օրինակ` Իսրայելում: 
 
Ինչո՞ւ Գերմանիա և Իսրայել
 
Գերմանիան և Իսրայելը բուժման նպատակներով արտերկիր մեկնողների համար գլխավոր ընտրություններն են: Գերմանիայում, սակայն, բժշկությունը գրեթե կրկնակի անգամ ավելի թանկ է, քան Իսրայելում: Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Գերմանիայի կլինիկաներում բուժվել է ԱՊՀ երկրների ավելի քան 26 հազ. քաղաքացի: Այստեղ բուժհաստատությունների տեխնոլոգիաներն ու սարքավորումները թարմացվում են 3-5 տարին մեկ, ինչը ռեկորդային է համարվում: Բացի այդ, Գերմանիան ԵՄ երկրների թվից բժշկության զարգացման վրա առավել մեծ թվով ֆինանսական հատկացումներ կատարող երկիրն է: 
 
Գերմանիան երկրի ապահովության (ահաբեկչական գործողությունների ցուցանիշներ), կլիմայական պայմանների տեսակետից (գիտնականների պնդմամբ` Գերմանիայում օդափոխության դեպքում չի նկատվում հիվանդության, սրտանոթային ախտանշանների սրացում) առավել բարձր է դասվում: Սակայն Իսրայելի դեպքում գործում է մուտքի արտոնագրի ավելի պարզ համակարգ, ավելի բարենպաստ լեզվական միջավայր և այցելուների հետ շփման ավելի անկաշկանդ և նրբանկատ մոտեցում: 
 
Մյունխենի կլինիկաներն այսօր լիիրավ համարվում են հիվանդությունների վաղ ախտորոշման և բարեհաջող բժշկական արդյունքներ ցուցաբերած աշխարհի բուժհաստատություններից լավագույնները: 
 
Համաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղցկեղի տեսակների, արյան վարակի, սրտաբանական հիվանդությունների, օրգանների փոխպատվաստման, չբերության, էպիլեպտիկ հիվանդությունների դեպքում հիմնականում գերմանական և իսրայելական բուժհաստատությունները դեռ առաջատարներն են: 
 
Իսկ ինչո՞ւ Իսրայել. տեղի բուժհաստատությունների ծառայություններն ավելի մատչելի են, քան եվրոպական կամ հյուսիսամերիկյան կլինիկաների գները, մինչդեռ ծառայության և բուժման որակը նույնպես բարձրակարգ է: Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների՝ Իսրայելի բուժհաստատությունների հիվանդների գերակշիռ մասը ժամանում է ԱՊՀ երկրներից: Հիվանդների մոտ 48%-ը ժամանում է Ուկրաինայից, Ռուսաստանից, 37%-ը՝ Թուրքիայից, Կիպրոսից, Պաղեստինից, և մոտ 14%-ը՝ ԱՊՀ մյուս երկրներից, որոնց թվում է նաև Հայաստանը: Կլինիկաների մեծ մասում հնարավոր է հաղորդակցվել ռուսերեն:
 
Ըստ այդ աղբյուրների՝ վերջին 3 տարվա ընթացքում Իսրայել հիմնականում մեկնել են (65%) ուռուցքաբանական, սրտանոթային և կենտրոնական շարժական հիվանդությունների ախտորոշման և բուժման, չբերության, ԷԿՈ բուժման, ինչպես նաև կոսմետիկ միջամտությունների նպատակներով: 
 
Իհարկե, կան նաև բժշկական զբոսաշրջության ծայրահեղ դրսևորումներ, երբ արտասահման են մեկնում բավական թեթև պլաստիկ վիրաբուժական միջամտությունների համար: Այս ցուցանիշով հատկապես աչքի են ընկնում ռուսաստանցիները: Ի դեպ, պլաստիկ թեթև վիրահատական լուծումների նպատակներով մեծ թվով շատ են մեկնում Շվեյցարիա և Գերմանիա: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: