Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Արամ Խաչատրյանի 110-ամյակին

Ուշագրավ 2013-03-22

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող «Նուբարյան» վարժարանում, որը կրում է 19-րդ դ. եգիպտահայ նշանավոր քաղաքական գործիչ Նուբար Փաշայի անունը, տեղի է ունեցել հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի (1903-1978թթ.) ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում:

Ինչպես հաղորդում է  անգլալեզու Ahram.org.eg կայքը (Եգիպտոս), միջոցառմանը ելույթ է ունեցել Կահիրեի ազգային առաջնորդարանի «Արաքս» երգչախումբը (ստեղծվել է 2003թ.), ցուցադրվել է փաստագրկան ֆիլմ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության մասին:

Համերգը բաղկացած է եղել մի քանի մասից. երգչախումբը նախ կատարել է հատվածներ մեծանուն երաժշտի ստեղծագործություններից, ապա հանդիսատեսին են ներկայացվել Խաչատրյանի երաժշտության և «Արաքս» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Միհրան Ղազեյանի բառերի հիման վրա գրված ստեղծագործությունները:

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել նաև հայկական պարային համույթները: «Երեկոյի ընթացքում Արամ Խաչատրյանի միջոցով ներկայացվեց հայկական մշակույթի տարբեր կողմերը: Այս միջոցառումը վկայում է այն մասին, որ եգիպտահայերն ունեն մշակութային ուժեղ գիտակցություն, հաստատակամ են իրենց մշակութային ժառանգությունն ու հարստությունը պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու հարցում»,- գրում է Ahram.org.eg-ը:

Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: