Նորություններ

Ժողովրդավարությունը գալիս է դպրոց

Կրթական 2013-03-22

Մարտի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելիի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են «Ժողովրդավարությունը գալիս է դպրոց» ծրագրի մանրամասները: Գերմանիայի Բունդեսթագի իրականացրած Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրի նախկին մասնակիցները միավորվել են` ստեղծելով ՄԽԿ հայ շրջանավարտների միություն, որն էլ իրականացնում է վերոնշյալ ծրագիրը, որի նպատակն է ինտերակտիվ դասընթացի միջոցով դպրոցականներին ժողովրդավարության և քաղաքական համակարգի մասին գիտելիքների փոխանցել:

Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը վերջին տարիներին բաց է բոլոր նմանատիպ ծրագրերի համար. «Նշված ծրագրերի իրականացումը ոլորտի գերակա ուղղություններից մեկն է, և այս հարցում մենք համագործակցում են տարբեր միջազգային և տեղական կառույցների հետ: Ծրագրի շրջանակում նշեմ հետևյալը` պատկերավոր ասած` ՀՀ քաղաքացին արդեն արթնացել է. նրան պետք է միշտ արթնացած և զգոն պահել` զինելով հիմնարար ազատությունների և իրավունքների վերաբերյալ գիտելիքներով»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Դեսպան Ռայներ Մորելին իր հերթին նշել է, որ փետրվար ամսին Երևանի թիվ 118 և 119 դպրոցներում ծրագիրը մեկնարկել և հաջողությամբ ընթանում է, և փորձնական ծրագրից հետո ամփոփվում են ծրագրի արդյունավետության հարցերը: «Ծրագիրը պետք է չլինի արվեստն արվեստի համար. այն պետք է ունենա կինսունակություն և ձեռքբերումները կյանքի կոչի, ինչպես հարկն է»,-ընդգծել է դեսպանը` առաջարկելով ծրագրի շարունակականության համար ամեն ամիս ընդլայնել ծրագրի շրջանակը` ներառելով ևս երկու դպրոց: Դեսպանն առաջարկել է նաև իրականացնել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ` նշված թեմաներով:

Հանդիպմանը մասնակցել են նաև ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենները և ծրագրի շրջանավարտները: Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության /DAAD/ծրագրով իրականացվող կրթաթոշակների և բարձրագույն կրթության մատչելիության խնդիրներին:
 
Սկզբնաղբյուր՝ www.edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: