Նորություններ

Տարօրինակ և զավեշտալի թանգարաններ աշխարհում

Ուշագրավ 2013-03-21

Թանգարանային կարծրատիպը շատերն են ցանկանում կոտրել, այն, որ մեկ վայրում մշտապես ակնկալում ես տեսնել արվեստի և մշակութային ժառանգության առարկաներ, դարեդար փոխանցված և պահպանված հնէաբանություններ:

Սակայն 21-րդ դարի թանգարաններում կարելի է գտնել ոչ միայն վերոհիշյալ պատմամշակութային նմուշները, այլև նորարարական մոտեցումներ, արդիական գաղափարների արտացոլումներ և նույնիսկ, ինչու չէ, արտասովոր և զավեշտալի երևույթներ: 

Նման տարօրինակ թանգարաններ կարելի է հանդիպել աշխարհի տարբեր երկրներում: Ստորև կարող ենք թվել դրանցից մի քանիսը: 
 
Վերջերս Իտալիայի Տուրին քաղաքում բացվեց «Տնտեսման և տնտեսության թանգարանը», որն իր նախադեպը չունի աշխարհում: Յուրօրինակ ներքին ինտերիերով այս թանգարանն արդեն հասցրել է դասվել ամենատարօրինակ թանգարանների թվին: Նման թանգարանի անհրաժեշտություն, հիրավի, զգացվում էր. չէ՞ որ այն, բացի տնտեսության որոշակի ուսուցողական վարժանքներից, օգնում և սովորեցնում է տնտեսել, ճիշտ բաշխել գումարները և օգտակար է տարբեր տարիքային խմբերին պատկանող լսարանների համար: Թանգարանը բաժանված է մի քանի թեմատիկ հատվածների, որտեղ հաճախորդներին առաջարկվում է ծանոթանալ տնտեսության պատմությանն ինտերակտիվ սանդղակների, տեսաերիզների, թեմատիկ գրականության և նույնիսկ տեսաֆիլմերի միջոցով: Թանգարանում գործում են նաև թեմատիկ խաղեր և ժամանցային ծրագրեր: 
 
Թերևս այդ տարօրինակ և ծիծաղաշարժ թանգարանների շարքից ամենաարտասովորն է «Պետքարանների թանգարանը», որը նվիրված է պետքարանների զարգացման պատմությանը: Հնդկաստանի Նյու Դելհիում գտնվող թանգարանում դուք կգտնեք պետքարանների և զուգարանակոնքերի տարբեր տեսակներ` յուրատեսակ դիզայնով և կոլորիտով: 
 
Սան Ֆրանցիսկոյում կարելի է այցելել «Մեխանիկաների թանգարանը»: Այն անտարբեր չի թողնի ոչ մի այցելուի. մեխանիկական անտիկ խաղեր, գործիքներ, մասնավոր հավաքածուներ և աշխարհի տարբեր երկրներից բերված իսկական հազվադեպ նմուշներ` տարբեր գնային արժողությամբ: 
 
Լոս Անջելեսի «Բաննի թանգարանում» կարելի է գտնել նապաստակների ավելի քան 27.351 նմուշներ և տեսակներ` նույնիսկ պատրաստված վարդերից: 
 
Արվեստների լավագույն նմուշների թանգարանների հետ մեկտեղ կարելի է այցելել նաև «Արվեստի վատ նմուշների թանգարան» (Museum of Bad Art), որը գտնվում է ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սոմերվիլ քաղաքում: Այստեղ հավաքված են արվեստի վատթարագույն նմուշներ համարվող աշխատանքներ, որոնք կարող եք դուք ինքներդ դատել և դասել դրանք վատ աշխատանքների շարքին կամ ոչ: 
 
Վաշինգտոնում չմոռանաք այցելել «Ամենամեծ կոշիկի թանգարանը», որտեղ կարող եք տեսնել աշխարհի ամենամեծ և հսկա կոշիկների մի ամբողջ տեսականի:
 
Գերմանական Քյոլն քաղաքում անհնար է անտարբեր անցնել «Շոկոլադների» ամենամեծ թանգարանի կողքով: Շոկոլադի արտադրման և ստեղծման պատմություն, կակաոյի արտադրություն, շոկոլադների պատրաստման եղանակ և տեսականի. այս ամենը և ավելին սպասվում է շոկոլադի սիրահարներին Քյոլնում: 
 
Գերմանիայի հարևան Վիսբադեն քաղաքում գտնվում է մեկ այլ հետաքրքրաշարժ և տարօրինակ թանգարան, որն է «Ծիծաղի թանգարանը»: Ավելի քան 2000 ցուցանմուշներ զարմացնում և ծիծաղաշարժ պահեր են պարգևում թանգարանի հաճախորդներին: Այս թանգարանը միակն է աշխարհում, որտեղ հարկավոր է տոմս գնել թանգարանից դուրս գալու համար: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: