Նորություններ

Կմշակվի նոր թվայնացված շտեմարան

Ուշագրավ 2014-11-04

ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ նախաձեռնվել է Հայաստանի մշակութային շարժական ժառանգության, ինչպես նաև այլ երկրների տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքների վերաբերյալ տեղեկույթը միասնական ձևաչափով և մեկ տիրույթում հավաքագրելու, համակարգելու և հանրահռչակելու գործընթաց:
Հիշյալ նպատակով ստեղծվող շտեմարանը միասնական ձևաչափով կձևավորի մեր մշակութային շարժական ողջ ժառանգության ամբողջական թվայնացված պատկերը և կապահովի տարբեր նպատակներով դրա վերաբերյալ տեղեկատվության արագ ու դյուրին օգտագործումը:
 
Այն կներառի հիշյալ ժառանգության վերաբերյալ հանրության համար հասանելի տեղեկույթը` անկախ հավաքածուների ու առանձին արժեքների սեփականության ձևից, ստեղծման ժամանակից ու պահպանման վայրից: 
 
Շտեմարանը պարտադիր կարգով կընդգրկի պետական, իսկ կամավորության սկզբունքով համապատասխան հայտերի ու պայմանագրերի հիման վրա` համայնքային, իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող հավաքածուների ու արժեքների վերաբերյալ տեղեկույթը:
 
Վերջինս շտեմարանում ներառվում է սահմանված չափանիշներին համապատասխանելու պարագայում: Շտեմարանում կընդգրկվեն տարբեր բնույթի` իրային, ձայնային, պատկերային, տպագիր նյութեր: Դրա ստեղծումը կլինի փուլային և կիրականացվի 2015-2020 թվականների ընթացքում:
 
Նախատեսվում է շտեմարանի կենտրոնական սպասարկող հանգույցն ու կայքէջը ստեղծել 2015 թ., իսկ պետական կազմակերպությունների հավաքածուների թվայնացումն ու տեղեկույթի տրամադրումը` 2016-2020 թթ.: 
 
Վերջիններիս թվայնացումը կիրականացվի այդ կազմակերպությունների ուժերով, իսկ համայնքային և մասնավոր անձանց սեփականություն հանդիսացող հավաքածուներինը` սեփականատերերի կամ նրանց և մշակույթի նախարարության հետ կնքած պայմանագրերի համաձայն:
 
Շտեմարանը այցելուներին կսպասարկի 2016 թ. վերջից և կգործի շուրջօրյա, կունենա ըստ թեմաների, հավաքածուների, արժեքների և վերջիններիս ստեղծողների, ստեղծման վայրի, ժամանակի, նյութի, չափսի, պահպանողի կամ սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկույթ փնտրել-ստանալու հնարավորություն:
 
Յուրաքանչյուր ոք կարող է շտեմարանում ընդգրկված և հանրությանը հասանելի  տեղեկույթը ստանալ անվճար, իսկ այլ տվյալներ դրանք պահպանողից կամ սեփականատիրոջից` նրանց պայմաններով ու փոխադարձ համաձայնությամբ: Շտեմարանի տեղեկույթը սկզբնական փուլում կլինի հայերենով, ժամանակի ընթացքում նախատեսվում է ներկայացնել նաև այլ լեզուներով: 
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: