Նորություններ

Փարիզի և անտառների կերպարանափոխումը. նոր բատուտ նախագծեր

Ուշագրավ 2013-03-19

Կարծես թե, ճարտարապետական աշխարհը նոր զարթոնք է ապրում բատուտի տեսքով: Դեռ նոր էր մարսվել բատուտ կամուրջի մտահղացումը Փարիզում, արդեն իսկ նշմարվում են նոր բատուտային ճարտարապետական ծրագրեր` նաև ճանապարհների տեսքով:

 

Ի՞նչ բատուտային կամուրջի մասին է խոսքը
 
2012թ. տարեվերջին ներկայացրեցին Սենա գետի նոր կամուրջի բատուտային տարբերակը: Այն է` Սենա գետը հնարավոր կլինի ցատկոտելով անցնել, իսկական արկածային տպավորություններ ստանալ և նոր ու ուրախ զգացումներով բարեհաջող տեղափոխվել մյուս ափ, գրում է TRAVELBLOG.am-ը:
 
Բարեհաջող թե թաց, դա դեռ պարզում են: Չէ՞ որ հարկ է հասկանալ, թե արդյոք ֆրանսիացի մասնագետներին հաջողվել է հաշվարկել մարդու բատուտային ցատկի բարձրությունը` ջրում չհայտնվելու համար: Միգուցե նման բատուտ կամուրջի համար պահանջվեն նաև պատնեշներ` մի անմեղ ցատկով գետում չհայտնվելու համար: Սակայն ըստ նախագծողների` ամեն ինչ հաշվարկվել է:
 
Այս դեպքում տարածությունները կրճատելու բոլոր անլարային և լարային հնարավորությունները, ինժեներական մտքի բոլոր փայլատակող դրսևորումները և արդիական թվային հնարավորությունները գործի են դրվել` էլ առավել կրճատելու տարածությունները, թուլացնելու խցանումները և հնարավորինս հարմար փոխադրելու մարդկանց ա կետից բ կետ:
 
Ավելի մանրամասն` 30 մետր տրամաչափ ունեցող երեք բատուտ օղակներից բաղկացած այս կամուրջը լցված է օդով և պահվում է գետի ջրի վրա հատուկ լողացող հարմարանքներով: Որքան էլ որ բարձր ցատկեն, կառույցը կանգուն է և կայուն: Կամուրջի նախագիծը հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել Փարիզում՝ մի կողմից հրճվանք առաջացնելով փարիզաբնակների ստվար զանգվածի մոտ, մյուս կողմից նյարդայնացնելով քաղաքի արտաքին համահունչ և էլեգանտ տեսքն ամենից շատ վերը դասող մարդկանց շրջանակներում:
 
Ի դեպ, Սենա գետի վրայով գցված է 37 կամուրջ, բայց դեռ լրացուցիչ կամուրջների կարիք է զգացվում:
 
Կամուրջի կողմնակիցների կարծիքով` այն կդառնա Փարիզի թոփ տեսարժան վայրերից մեկը ոչ միայն տեղացիների, այլև քաղաքի հյուրերի համար: Ըստ նախագծողների՝ մերժման պատճառ, հավանաբար, կարող է հանդիսանալ այն, որ կամուրջն այդքան գլամուրային և էլեգանտ չէ, որքան Փարիզի մյուս կառույցները և կարող է չինտեգրվել ընդհանուր քաղաքի պատկերին:
 
Իսկ այդ ժամանակ Էստոնիայում և Ռուսաստանում…
 
Մինչ բատուտ կամուրջը թեժ քննարկվում է Փարիզում այս մի քանի ամսվա ընթացքում, էստոնացի մասնագետները, ոգևորված բատուտի հեղափոխական մտքերով, առաջարկել են մի նոր, առավել վառ նախագիծ: Այս անգամ Salto Architects էստոնական ճարտարապետական գրասենյակն առաջարկել է անցկացնել Fast Track բատուտային ճանապարհ, օրինակ` Ռուսաստանի անտառներում:
 
Նկարում երևացող 51 մետր երկարություն ունեցող բատուտային ճանապարհն անցնում է անտառի միջով: Այնպես չէ, որ ճարտարապետները շատ են տարված եղել բատուտային նախագծերով, նրանց առջև պարզապես խնդիր էր դրված ներկայացնել մի նախագիծ, որը հնարավորինս ինտեգրված կլինի բնությանը: Եվ, իհարկե, հնարավորինս մատչելի կլինի շահագործման համար:
 
Այս բատուտային ճանապարհը հնարավորինս հարմար է, որևիցե ուղեցույցի կամ վառելիքի անհրաժեշտություն չի պահանջում: Սավառնել անտառներում մեկ ցատկի միջոցով մտահղացումը շատերը հեղափոխական են համարում «տրանսպորտային» ենթակառուցվածքի ոլորտում:

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: