Նորություններ

Հայաստանում կտրվի միջազգային փառատոնի մեկնարկը

Ուշագրավ 2014-09-19

«Գրական տապան 2014» միջազգային փառատոնի մեկնարկը կտրվի այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում: Բացման արարողության ընթացքում տեղի կունենա նաև «Գրական տապան 2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:
Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների աշխարհի 11 երկրներից: Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:
 
Հայ գրչակիցների ընկերակցությամբ փառատոնի արտասահմանցի մասնակիցները կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերում, մասնագիտական քննարկումներ կունենան և վարպետաց դասեր կանցկացնեն երևանյան բուհերում:
 
Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրվա կապակցությամբ սեպտեմբերի 27-ին աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գրողները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ հանուն փոփոխության» նախաձեռնությանը արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ:
 
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նախատեսված են նաև մարզային այցելություններ Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Տաթև:
 
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով և հայերեն թարգմանությամբ), որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները:
 
Աղբյուրը` www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: