Նորություններ

Երևանում կստեղծվի մնջախաղի զարգացման կենտրոն

Ուշագրավ 2014-08-12

Հայաստանում մնջախաղի զարգացումը խթանելու և մնջախաղային արվեստը սերունդներին ավելի հարստացած փոխանցելու նպատակով Հյուսիսային պողոտայի տարածքում կստեղծվի Մնջախաղի զարգացման կենտրոն, որի դերասանները հնարավորություն կունենան զարգացնել սեփական հմտությունները:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը կենտրոնի ստեղծումն իրատեսական է համարում: Նա նշում է՝ մնջախաղի թատրոնը բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն շենքի բացակայությունը մեծ դժվարություններ է առաջացնում:
 
«Մենք թատրոնի շենք չենք ցանկանում, մենք ցանկանում ենք ստեղծել Մնջախաղի զարգացման կենտրոն: Շատերը կարծում են, որ մեզ պարզապես թատրոնի շենք է պետք, բայց իրականում մենք մնջախաղի զարգացումը խթանելու նպատակ ունենք: Մնջախաղն ամուր նստած է մեր հայկական մտածողության մեջ: Պատահական չէ, որ մենք Փարաջանովի, Փելեշյանի նման աստղեր ունենք, որոնց մտածողությունը մնջախաղային է: Մեզ պետք է մի կենտրոն, որտեղ մենք կկարողանանք զարգացնել այն արվեստը, որին ունակ ենք: Կարծում ենք, որ կունենանք այդպիսի կենտրոն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Ժիրայր Դադասյանը:
 
Թեև թատրոնը բազմիցս ելույթներ է ունեցել տարբեր երկրներում, այնուամենայնիվ, Դադասյանը նշում է, որ հենց Հայաստանում է սիրում հանդես գալ: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը հավելել է, որ թատրոնը Լեհաստանում հանդես գալու հրավեր ունի:
 
«Սեպտեմբերին Վրոցլավում մասնակցելու ենք «Stream» հայտնի փառատոնին: Սա աշխարհում շատ հայտնի մնջախաղի փառատոն է, և այդ փառատոնի տնօրենը նախկինում մասնակցել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին: Նա շատ էր ցանկանում մեզ այնտեղ հրավիրել»,- նշել է Դադասյանը:
 
Լեհական շրջագայություններին զուգահեռ՝ թատրոնը պատրաստվում է տոնել իր հոբելյանը: «Հրատարակության է պատրաստվում մի գիրք-ալբոմ, և տարեվերջին հոբելյանական երեկո կկազմակերպենք, որտեղ էլ կլինի գրքի շնորհանդեսը: Առ այսօր մնջախաղի թատրոնին առնչվող որևէ հրատարակություն չի եղել: Ալբոմում երևում է թատրոնի ամբողջ ճանապարհը»,-ընդգծել է Ժիրայր Դադասյանը:
 
Աղբյուր՝ http://www.tert.am/

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: