Նորություններ

Այսօր կանցկացվեն Հռոմի նոր պապի ընտրությունները

Ուշագրավ 2013-03-12

Այսօր` մարտի 12-ին, 115 կարդինալները կառանձնանան Սիքստինյան կապելլայում, որպեսզի ընտրեն Հռոմի նոր պապին: Նրանք երկու անգամ կայրեն քվեաթերթիկները վառարանում, որտեղից ծուխ կբարձրանա: Սև ծուխը կազդարարի, որ ընտրություններ տեղի չեն ունեցել, իսկ սպիտակը ցույց կտա, որ ընտրվել է նոր պապ:

Արարողությունը կավարտվի Սան-Պիետրո բազիլիկի պատշգամբից արտասանվող habemus papam-ով («Մենք պապ ունենք») և կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդի՝ ժողովրդի առջև ներկայանալով: 

Սուրբ Գահի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին ավելի վաղ նախազգուշացրել է, որ մինչև այդ պահը կոնկլավի որոշմանը սպասողները պետք է զինվեն համբերությամբ: Նա հիշեցրել է, որ արարողությունը կատարվում է բացարձակ գաղտնի պայմաններում. տեղեկատվության չհրապարակման վերաբերյալ երդում են տվել 90 մարդ՝ հիմնականում Վատիկանի աշխատակիցները: 
 
Գաղտնի քվեարկությունները տեղի կունենան այնքան ժամանակ, մինչև որ թեկնածուներից մեկը չի հավաքի 77 ձայն՝ ձայների երկու երրորդը և գումարած մեկը: 34-րդ քվեարկությունից հետո (եթե հաղթողը մինչ այդ չորոշվի) թեկնածուների թիվը կկրճատվի մինչև երկուսը: Ընդ որում` Բենեդիկտոս XVI-ի ներմուծած փոփոխությունների համաձայն՝ հաղթողին ամեն դեպքում անհրաժեշտ կլինի ձայների երկու երրորդը: 
 
Երեքշաբթի օրը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ կանցկացվի, որի ժամանակ հավատացյալները կաղոթեն կոնկլավի բարեհաջող անցկացման համար: Պատարագին կմասնակցեն բոլոր կարդինալները, ներառյալ նրանք, ովքեր 80 տարեկանից բարձր են և ելնելով տարիքից՝ չեն կարող մասնակցել քվեարկությանը: 
 
Տեղական ժամանակով ժամը 16:30-ն ընտրող կարդինալները կգնան Սիքստինյան կապելա, քվեարկության անցկացման գաղտնիության պահպանման վերաբերյալ երդում տալուց հետո նրանց հետևից կփակվեն դռները և կհնչի «extra omnes» արտահայտությունը, որը նշանակում է «բոլորը դուրս գնան»: 
 
Հայր Ֆեդերիկո Լոմբարդին մասնավորեցրել է, որ կարդինալները կարող են որոշում կայացնել երեքշաբթի օրը չանցկացնել առաջին քվեարկությունը, և եթե մինչև ժամը 19:00-ը ծխնելույզից ծուխ դուրս չգա, կնշանակի, որ քվեարկությունը հետաձգվել է: Հանգստանալու և գիշերելու համար կարդինալները կուղևորվեն Վատիկանում գտնվող «Սուրբ Մարֆայի տուն» կոչվող հյուրանոցը: 
 
Ծխի ազդանշանը ներմուծվել է ХХ դարում: 1939 թվից սկսած կապելայում վառարան է տեղադրվում, որտեղ քվեարկությունից հետո այրվում են բոլոր քվեաթերթիկները: Որպեսզի ծուխը սպիտակ լինի, կրակի մեջ խոնավ հարդ են ավելացնում: 
 
Կոնկլավը Սիքստինյան կապելլայում անցկացվում է XVI դարի կեսերից: Անցած տարիների ընթացքում դրա անցկացման ավանդույթները գրեթե չեն փոխվել:
 
Ներսում բալենու փայտից պատրաստված 115 աթոռներ են դրված, յուրաքանչյուրի վրա փակցված է կարդինալներից մեկի անուն ազգանունով ցուցատախտակ: Կապելայում 12 սեղաններ են դրված, իսկ «Ահեղ դատաստան» որմնանկարի տակ՝ քվեաթերթիկների համար նախատեսված արկղը: 
 
Հռոմի պապի ընտրվելուն են սպասում նաև «լացի սենյակում», որտեղ ընտրված պապը կփոխի իր հագուստը և լաց կլինի իր ծանր բեռի համար: Ընտրված կարդինալին կհարցնեն՝ արդյոք նա ընդունում է քվեարկության արդյունքները: Պաոլինի կապելայում աղոթքից և habemus papam արտահայտությունը արտասանելուց հետո, պոնտիֆիկը պապի հանդերձանքով դուրս կգա Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ: 
 
Սկսվող կոնկլավը աննախադեպ է, քանի որ նախկին պապը չի վախճանվել, այլ հրաժարվել է Սուրբ Գահից: 
 
Աղբյուրը` 1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: