Նորություններ

Ռուսաստանը չի մասնակցի Համաշխարհային օլիմպիադային

Սպորտ 2014-07-17

Պահանջվող վերջնաժամկետից ուշ մասնակցության հայտացուցակը ներկայացնելու պատճառով կանանց շախմատի Ռուսաստանի հավաքականը հնարավորություն չի ունենա ներկայանալ Համաշխարհային օլիմպիադային, որը մեկնարկելու է օգոստոսի 2-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում:
«ՖԻԴԵ-ի քարտուղարությունը փորձել է միջամտել և ստիպել մեզ ընդառաջել Ռուսաստանին, սակայն մեր վերաբերմունքը բոլոր ֆեդերացիաների նկատմամբ հավասար է: Զարմանալի է, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նման լուրջ և հզոր կառույցը ժամանակին չի հաստատել հայտացուցակը»,- ասվում է Օլիմպիադայի կազմկոմիտեի հայտարարությունում:
 
Պետք է նշել, որ հուլիսի 11-ին Ուկրաինայի առաջատար կին շախմատիստ Եկատերինա Լագնոն ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն և Օլիմպիադայում պետք է հանդես գար Ռուսաստանի հավաքականի կազմում: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան սպասում էր այդ խնդրի լուծմանը: Ընդ որում` Ուկրաինան դեմ էր նշված տեղափոխությանը:
 
ՖԻԴԵ-ի փոխնախագահ Իզրայել Գելֆերը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Օլիմպիադայի կազմկոմիտեն իրավունք չունի մերժել ՖԻԴԵ-ի նախագահի պահանջը, քանի որ օլիմպիադաների կանոնադրությունում նշված է` ՖԻԴԵ-ի նախագահն իրավունք ունի օլիմպիադաներին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ կայացնել վերջնական որոշում: Նա նաև նշել է, որ կազմկոմիտեում ընդգրկված են ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Գարի Կասպարովի կողմնակիցները, որոնք այս իրավիճակն օգտագործում են նախընտրական նպատակներով:
 
«Սա անընդունելի իրավիճակ է: Եթե խնդիրը չլուծվի, ապա ես խորհուրդ կտայի զրկել Նորվեգիային Օլիմպիադայի անցկացման իրավունքից»,- Գելֆերի խոսքը մեջբերում է chess-news-ը:
 
Աղբյուր` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: