Նորություններ

Հայկական առաջին բալետը՝ «Գայանե»-ն, կներկայացվի Սանկտ Պետերբուրգում

Ուշագրավ 2014-07-16

«Գայանե»-ն հայկական առաջին ազգային բալետն է՝ չորս գործողությամբ: Բալետի հեղինակը հռչակավոր Արամ Խաչատրյանն է: Սկզբում բալետը կոչվում էր «Ուրախություն», հետագայում այն վերանվանվում է «Գայանե»: Առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:
2014 թ.-ին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի բալետային խումբը հուլիսի 20-ին և 21-ին  Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում կներկայացնի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը:
 
«Մենք շատ կարևոր հյուրախաղեր ունենք, քանի որ այս ամսվա 20-ին պետք է մեկնենք Սանկտ Պետերբուրգ՝ մեզ հետ տանելով մեր ազգային բալետը՝ «Գայանե»-ն: Բոլորս էլ հասկանում ենք, որ պատասխանատվությունը մեծ է, որովհետև Սանկտ Պետերբուրգը բալետի համաշխարհային մայրաքաղաքն է, ամենուժեղ բալետային դպրոցն ունի, և մենք շատ մեծ «քննություն» ենք հանձնելու այնտեղ, հույս ունեմ, որ շատ բարձր մակարդակով կանցնի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի տնօրեն Ադրանիկ Արզումանյանը:
 
Նրա խոսքով` արտիստը պետք է տարբեր բեմերի վրա ելույթներ ունենա, և իրենք պետք է նման հնարավորություն ստեղծեն: «Մի քանի օր առաջ թատրոնում ներկայացրեցինք «Գայանե»-ն, և ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ: Ժողովուրդն անվերջ հոտնկայս ծափահարում էր: Սանկտ Պետերբուրգում մեզ սպասում են, բոլոր տոմսերը վաճառված են, և ազատ տեղեր չկան: Հույս ունեմ, որ կփայլենք և կվերադառնանք»,- նշել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի տնօրենը:
 
Անդրանիկ Արզումանյանը տեղեկացրել է, որ այնուհետև բալետային խումբը պատրաստվում է մեկնել Քաթար, որտեղ թատրոնի արտիստները նախորդ տարի ներկայացել են Խաչատրյանի մեկ այլ՝ «Սպատրակ» բալետով:
 
«Սեպտեմբերի 20-ից հետո մեկնելու ենք Քաթար: Այնտեղ հանդես ենք եկել նախորդ տարվա սեպտեմբերին և հույս ունենք այս տարվա սեպտեմբերին ներկայացնել Ռուդոլֆ Խառատյանի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի բեմադրությունը»,- տեղեկացրել է Արզումանյանը:
 
Մարիինյան թատրոնը Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկն է: Այն հիմնադրվել է 1738 թվականին Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով մի շենքում, որը հետագայում վերափոխվեց Պետերբուրգի կոնսերվատորիայի: Մտել է Ռուսաստանի կայսերական թատրոնների կազմի մեջ:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: