Նորություններ

ԱԱ-2014. Գերմանիա – Արգենտինա` 1:0. Գերմանիայի հավաքականը` աշխարհի քառակի չեմպիոն

Սպորտ 2014-07-14

Բրազիլիայի «Մարականա» մարզադաշտում ավարտվեց «Մունդիալ-2014»-ի եզրափակիչը: Ուժերը չափեցին Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականները: Գերմանացիները պատմության մեջ չորրորդ անգամ հռչակվեցին ֆուտբոլի աշխարհի չեմպիոն՝ դառնալով Հարավային Ամերիկայում անցկացված աշխարհի առաջնությունում հաղթած առաջին եվրոպական հավաքականը:
Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին: Թիմերը բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և սկզբնամասում անցկացնում էին գրոհներ: Առաջին խաղակեսն անցնում էր հավասար պայքարում, թեև գերմանացիներն ունեին տարածքային առավելություն: Խաղի առաջին ամենաիրական գոլային պահը 20-րդ րոպեին ունեցավ իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով գերմանացի պաշտպանների սխալի արդյունքում մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ, սակայն շեղ հարվածեց: Այդ դրվագից քիչ անց Իգուաինը գրավեց Նոյերի պաշտպանած դարպասը, բայց արգենտինացու մոտ արձանագրվեց խաղից դուրս վիճակ: Գերմանացիները մեկնարկային 45 րոպեներին ունեցան մեկ գոլային պահ, բայց խաղակեսի վերջնամասում «Շալկեի» պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
 
Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին հարավամերիկացիները, ովքեր սկզբնամասում կորցրին ևս մեկ 100 տոկոսանոց գոլային պահ: Հարմար դիրքում հայտնվել էր Լիոնել Մեսին, ում հարվածը շեղ ստացվեց: Արգենտինացիները ոչնչով չէին զիջում խաղի ֆավորիտ համարվող գերմանացիներին, որոնց գնդակի վերահսկումն արդյունավետ չէր ստացվում: Ժամանակն անցնում էր, իսկ վտանգավոր պահերը գրեթե բացակայում էին: Գերմանիայի թիմն ակտիվացավ վերջնամասում, երբ ստեղծեց 2 գոլային պահ, բայց Բենեդիկտ Հյովեդեսը չկարողացավ արագ կողմնորոշվել արգենտինացիների դարպասի մոտ, իսկ Տոնի Կրոսի հարվածը շեղ ստացվեց:
 
0:0, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ թիմերի խաղում նկատվում էր զգուշություն, բայց արգենտինացիներն ունեցան ևս մեկ 100 տոկոսանոց գոլային պահ: Այս անգամ մի քանի մետրից դարպասը չկարողացավ գրավել փոխարինման դուրս եկած Ռոդրիգո Պալասիոն, ինչից հետո գործեց ֆուտբոլի չգրված օրենքը: Փոխարինման դուրս եկած Մարիո Գյոտցեն 113-րդ րոպեին բացեց հաշիվը՝ խփելով գերմանացիների հաղթական գոլը: Վերջնամասն անցավ լարված պայքարում, սակայն դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:
 
Գերմանիան աշխարհի չեմպիոն դարձել էր նաև 1954-ին, 1974-ին և 1990-ին: Արգենտինացիները նման հաջողության հասել են 2 անգամ՝ 1978-ին ու 1986-ին:
 
ԱԱ-2014, եզրափակիչ
 
Գերմանիա – Արգենտինա՝ 1:0
 
Մարիո Գյոտցե, 113
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: