Նորություններ

Պարգևատրվել են մի խումբ գրողներ

Ուշագրավ 2014-07-11

Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հիմնադրման 80-ամյա հոբելյանական հանդիսավոր միջոցառումը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես մասնակցել է միջոցառմանը: ՀԳՄ անդամներին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում։ Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգևոր զարգացման, ազգային ավանդույթների պահպանման, հայրենասիրական գաղափարախոսության կերտման գործում։ Միության անցած ստեղծագործական ճանապարհը հեշտ չի եղել, սակայն գրողը մնացել է մտավորական, հայրենիքի նվիրյալ»։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ միությունն ստեղծվել է դժվարին շրջանում, հայրենի գրականության նվիրյալներ Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և մյուսների ջանքերով, իսկ հետագա սերունդները շարունակել և զարգացրել են նրանց ստեղծած գրական ավանդույթները՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր երկրի անկախության վերականգնումից հետո։ 
 
Այսօր մեր գրականությունը, ինչպես և երկիրը, գտնվում է նոր իրավիճակում՝ իր խնդիրներով և մարտահրավերներով։ Ձեր առջև դրված խնդիրները և´ հին են, և´ նոր։ Հին, որովհետև գրականությունը մշտապես անդրադարձել է մարդուն, նրա ցավին ու հույսին, նոր, որովհետև համաշխարհայնացման պայմաններում մեր ինքնագիտակցության և ընկալումների մեջ տեղի են ունեցել տեղաշարժեր։ Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը», – ասել է Հայաստանի վարչապետը։
 
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀԳՄ-ն իր ստեղծագործական ներուժով՝ ի դեմս բանաստեղծների ու արձակագիրների, ձեռնամուխ կլինի այդ բարձր առաքելության իրականացմանը։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած ժամանակակից տեխնոլոգիաների և հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աննախադեպ զարգացմանը, տպագիր գիրքը մշտապես կմնա ընթերցողի հավատարիմ ուղեկիցը և կնպաստի մտավոր ու հոգևոր աշխարհի հարստացմանը: Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում մշտապես աջակցելու է միությանը և ստեղծագործական հաջողություններ ու քաջառողջություն մաղթել գրողներին:
 
Հայ գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար և Հայաստանի գրողների միության 80-ամյակի առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀԳՄ անդամներ, արձակագիրներ Վահագն Մուղնեցյանին, Նելլի Շահնազարյանին, Սաթենիկ Մկրտչյանին, Թադևոս Տոնոյանին, Վահան Սևանին և Ռաֆայել Սահակյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: ՀՀ կառավարությունը Հայաստանի գրողների միությանը նաև նվիրել է ծառայողական ավտոմեքենա: 
 
Աղբյուրը՝ gov.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: