Նորություններ

ԱԱ-2014. Արգենտինա – Հոլանդիա` 0:0 (4:2, 11մ)

Սպորտ 2014-07-10

Ավարտին է մոտենում ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունը: Սան Պաուլուում կայացած խաղի ընթացքում հայտնի դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը: Երկրորդ կիսաեզրափակիչում արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասան Հոլանդիայի հավաքականի նկատմամբ, քանի որ խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:
Հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հիշատակը և մտան պայքարի մեջ: Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով ու դիտարժանությամբ: Խաղադաշտում ընթանում էր փակ ու հավասար ֆուտբոլ: Թիմերը գործում էին չափազանց զգույշ: Մի պահ արգենտինացիներն ավելի հաճախ էին գրոհում, սակայն իրական գոլային պահեր չստեղծեցին: Մեկնարկային 45 րոպեներին կարելի էր հիշել միայն Լիոնել Մեսիի իրացրած տուգանային հարվածը, որից հետո հոլանդացիների դարպասապահ Յասպեր Սիլեսենը հանգիստ վերցրեց գնդակը:
 
Ընդմիջումից հետո խաղի պատկերը չփոխվեց: Ժամանակն անցնում էր, իսկ թիմերը չէին կարողանում ստեղծել վտանգավոր պահեր: Երկրորդ խաղակեսի միջնամասում ավելի ակտիվ էին հոլանդացիները, բայց դա ոչինչ չտվեց Լուի վան Գալի թիմին: Վերջնամասում հոլանդացի Արյեն Ռոբենը կորցրեց երեկոյի ամենաիրական գոլային պահը, ինչից հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս դարպասի գրավումներ չարձանագրվեցին: Լրացուցիչ 30 րոպեներին թիմերն ավելի շատ էին մտածում գրոհելու մասին, սակայն ապարդյուն: 115-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ռոդրիգո Պալասիոն կարող էր հաղթանակ պարգևել արգենտինացիներին, բայց չօգտագործեց 100 տոկոսանոց գոլային պահ: Արդյունքում՝ գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որի ժամանակ ավելի պիպուկ էին հարավամերիկացիները:
 
Ի տարբերություն կոստառիկացիների դեմ խաղին, Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը 11 մետրանոց հարվածաշարից առաջ խաղադաշտ դուրս չբերեց անգլիական «Նյուքասլի» դարպասապահ Տիմ Կրուլին, իսկ Յասպեր Սիլեսենը հաջողություն չբերեց հոլանդացիներին: Արգենտինացիներից դիպուկ էին բոլորը՝ Լիոնել Մեսին, Էզեկյել Գարայը, Սերխիո Ագուերոն ու Մաքսի Ռոդրիգեսը: Հոլանդացիներից վրիպեցին Ռոն Վլաարը եւ Ուեսլի Սնեյդերը, իսկ Դիրկ Կայտն ու Արյեն Ռոբենը անվրեպ իրացրին 11 մետրանոցը:
 
Գերմանիայի և Արգենտինայի հավաքականների միջև եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադինում: Հուլիսի 12-ին բրազիլացիներն ու հոլանդացիները Բրազիլիայի Ազգային ստադիոնում կհանդիպեն երրորդ տեղի համար խաղում:
 
ԱԱ-2014, կիսաեզրափակիչ
 
Հոլանդիա – Արգենտինա՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 2:4)
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: